Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/314

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
2

Տները նշմարվում են առավոտի մշուշով, լապտերների լույսը աղոտանում է: Չի շարժվում և ո՛չ մի տերև, ո՛չ մի ծառ։ Ամեն ինչ քնած է լուսաբացի խոր քնով։ Հոգնած ձիերը պառկում են տաք աղբի վրա և վզները երկարում։ Այդ նշան է, որ շուտով կբացվի առավոտը։ Հեռվի ճահճուտներից լսվում է գորտերի կռկռոցը, որ ավելի վեհաշուք է դարձնում լուսաբացի խորհրդավոր երկունքր: Լուսինը ջրային շուշանի նման լույս է տալիս տիեզերական օվկիանում: Իսկ աստղերը սկսում են անէանալ, որովհետև վաղուց է ասված՝ «երևելն արեգական անէանանա աստեղունք»:

Ահա ճահճուտներից բարձրանում է տաք գոլորշին, որ դողդողում է շատ բարձրերում։ Մի րոպե, և սառը հոսանքը ցած է իջնում: Արդեն խշշում են բարդիների բարձր կատարները, իսկ ներքևի ճյուղերը, խավարի մեջ, դեռ անշարժ են։ Ապա լուսավորվում են վերևի ճյուղերը, տերևները դողում են, և դողը կամաց-կամաց սահում է ցած: Կարծես մի խավար թող ընկնում է ծառերից, և նրանք հագնում են ծիրանի շապիկ: Փողոցը դեռ նիրհում է: Լուսադեմի զովից քաղցր նինջ է իջնում ժամապահ միլիցիոներների վրա, որոնց սև սիլուետներն ընդունում են զանազան դիրք: Ահա մեկը հենվել է հեռագրասյունին և անշարժ է, ինչպես սյունը: Մյուսը ծեր գրենադերի նման կոթնել է հրացանին, երրորդն անշարժ նայում է առվի ջրին, որ նրա համար երգում է սեր և խնդություն։ Վաղ առավոտյան ո՞վ գիտե, ո՞ր Շուշանն է միտն ընկել։ Չորրորդն արձանի պես է, որպես մի ահեղ մոնումենտ՝ ճանապարհի մեջտեղը: Մի խոսքով, լուսաբացին փողոցը նման է զինվորական արձանների հաղթական ալլեյի։

Գետի երեսով արդեն փչում է սառը հոսանքը, և խոնավանում է գետինը։ Փողոցի ծայրին երևում է անտիրական մի շուն, որ դունչը վեր ցցած քշում է ուղիղ ներքև։