Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/313

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այս թաղի աների վրա արդեն ծփում է դրոշակների ծովը։ Ու թեև երիտասարդները գլխավոր փողոցներից լուր են բերում, որ տոնը վերջացել է, այստեղ դրոշակներր դեռ ծածանվում են, մինչև դա ինքը հերթապահ միիցիոները և կարգագրի, որ հանեն դրոշակները։

Բայց կան և լուրջ փողոցներ քարակոփ տներով և մայթերը սալահատակ։ Այդ փողոցներով անշյուկ սուրում են շքեղ ավտոներ, այնտեղ ծառերն անգամ միահավասար և միանման են ու չեն շարժվի ամեն պատահական քամուց, մինչև չշարժվի ծայրինը, և սոսափը, որպես հրաման, չանցնի սաղարթից սաղարթ։ Նրանց գրանիտե քարերը զրնգում են գեղեցիկ նժույգների դոփյունից և ներշնչում ակնածալի պատկառանք։

Մենք ակամա շրջեցինք քաղաքում՝ Տպագրիչների փողոցից մինչև գետափը, եղանք ասիական թաղի լաբիրինթում, տեսանք այն խաղաղ փողոցի երազային պատշգամբը, նույնիսկ հասանք այն փողոցը, որտեղ կան վանդականման տներ և պատուհաններ, որոնց ետևից, երբ լուռ է փողոցը, կարելի է լսել աղջկա սրտամորմոք երգ և դռան ճեղքից տեսնել արևելցու գեղեցիկ բակը վարդենիներով, որոնց վրա դեռ կարմիր են վարդերը, երբ թափվում է առաջին ձյունը։ Մենք եղանք և այն փողոցներում, որտեղ չկան բարդիներ, և որտեղ գրանիտե հունի մեջ գնում են ջրերն առանց խոխոջի, առանց շառաչի։ Բայց այդ փողոցներից և ոչ մեկը չի կազմում քաղաքի հպարտությունը և մեր նկարագրության առարկան։ Ավելին. նրանք բոլորը փողոց են, հաղորդակցության անոթներ, և նրանցից ոչ մեկի անունը չի կապված երազների, բամբասանքների, այլատեսակ շաղակրատությունների, դատարկապորտ թափառումների և ժամանակի վատնման հետ, ինչպես այս փողոցն է, որի նկարագրությունը հիմա կանենք, ապա կպատմենք մի ուրախառիթ դեպք և նրա հետ կապված մի անանուն մարդու եղերական վախճանը: