Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/331

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որպես արձագանք այն առաջին որոտի, որ խրճիթներին ավետեց ազատություն դաշնակցական գերությունից։

Արև էր, էլի արագիլներ կային, և յուղոտ փայլով արևի տակ շողում էր արգավանդ տիղմը։ Հանկարծ գնդակների տարափ տեղաց եղեգնուտների կողմը, որտեղ սպիտակ ձիավորների դեմ ամրացել էին մի խումբ ապստամբ գյուղացիներ:

Սեթը չոքեց այն չինարու ետևը, և որոտաց նրա հրացանը։ Արշավող ձիավորների վախեցած երամը շաղ եկավ, ապա նորից գունդ կազմեցին և թաց հողերի վրայով ձիերը քշեցին դեպի միայնակ ծառը, որ սև ստվերը նետել էր ամայի դաշտում։

Երեկոյան կարմիր հեծելազորը գյուղը մտավ։

Միայն մյուս առավոտ, երբ եկան և ծանր թնդանոթները, դաշտի բարակ արահետով, եղեգնյա պատգարակի վրա, ընկերները տուն բերին սպանված սերմնացանի մարմինը: Նրա սրունքները մերկ էին, մի կողքի վրա չորացած տիղմ էր և խանձված արյուն: Երևում էր միայն սառած աչքը, որ նայում էր անշարժ, ինչպես գորշ ամպը անհունի խորքից...

Նա արնաքամ սողացել էր թաց հողերի վրայով դեպի եղեգները, դեպի ջուրը, կոշտ մատներով չանգռել էր գետինը, ցեխոտել էր մատները և անզգայության մեջ ցեխոտ մատներով սեղմել էր թրատված ուսը: Հետո երեսն ի վայր թաղվել էր սառը հողում՝ որպես ոսկեհատ սերմ:

Ես նայում էի մի ցածր դռնակի, որի ետևը ո՛չ ձայն կար, ո՛չ շարժում: Արևամուտին այնքան բարձր էին երևում բակի երկու բարդիները:

— Երան հորքուրը ո՛չ տղայի դիակը տեսավ, ո՛չ թաղումը: Երբ նրան հայտնում են, որ ահա բերում են, նա ճչով դուրս է վազում, բայց մինչև շեմքը չի հասնում... Չորս օր մնում է ուշաթափ։ Ասում էին, որ կմեռնի...