Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/382

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Գալիս են,— կանչեց նա, և տրապը հանդարտ նստեց գրանիտի վրա։

Եկողները Ռազմահեղափոխական կոմիտեի և Կարմիր նավատորմիզի ներկայացուցիչներն էին։

* * *

Թանձր ծուխը լցվել էր կամարակապ սենյակը, որ նման էր գետնահարկ խուցի։ Ճրագը ծխի մեջ ավելի աղոտ էր լուսավորում, և նրանք, որոնք կռացել էին Պետրոգրադի քարտեզի վրա, ստիպված էին գործածել նաև մոմ և լուցկի, ավելի պարզ տեսնելու փողոցները, կառուցվող բարիկադները, կամուրջները, որ հարկավոր էր ըստ կարիքի բարձրացնել, և վերջապես շենքերը՝ փոստի, հեռագրատան, բանկերի, մինիստրությունների և մանավանդ զորանոցները, որ պետք էր անհապաղ գրավել։

— Ուրեմն նորից եմ հիշեցնում Ցեկայի կարգադրությունը,— խռպոտ ասաց Պոդվոյսկին,— առանց խուճապի, առանց երկյուղի... մենք պիտի բանտարկենք ժամանակավոր կառավարությունը, Կերենսկուն, գլխավոր շտաբը... Պետք է գրավենք Ձմեռային պալատը, այնտեղ են նրանք բոլորը: Պա՞րզ է...

— Պարզ է,— պատասխանեցին այս ու այն կողմից:

— Ընկեր Պոդվոյսկի, գիշերապահները կարո՞ղ են խարույկներ վառել,— հարցրեց մեկը։

— Դու էլ ինչի՞ մասին ես հարցնում,— կշտամբեցին նրան։

— Հանդա՛րտ, ընկերներ։ Ժամանակը թանկ է։ Խարույկ չվառեք, որովհետև տաքանալու համար կրակի մոտ կհավաքվեն զանազան քաղքենիներ, իսկ այդ հարկավոր չէ։

Անընդհատ ներս ու դուրս էին անում գնդացիրի ժապավեններ կապած և ձեռքի նռնակներով զինված նավաստիներ, բանվորներ, կարմիր գվարդիականներ։