Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/385

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Առաջին զրահապատները գրոհեցին Սենատի հրապարակից։ Նույն ժամին, տաճարի առաջ դաշտային հրետանին հրաման ստացավ կարճ ճանապարհով միանալ պուտիլովցիների զորամասերին։ Ապստամբ զինվորների զորասյուներն արշավում էին Մանեժի և Ինժեներական դղյակի կողմից։ Կարմիր գվարդիականները Ալեքսանդրյան այգուց գնդակոծում էին Ձմեռային պալատի դարպասները։

Պալատի ներսից և հարևան շենքերի կտուրներից գնդացիրային կրակով պատասխանում էին յունկերները։ Գնդակները շառաչով դիպչում էին ցուցանակների թիթեղներին, մայթի քարերին և աղմկով փշրում հաստ ապակիները։

Վախեցած քաղքենիները փակել էին դուռ ու լուսամուտ, նրանց հետևը շարել բարձեր, սեղաններ, գրքեր: Եվ դողում էին ահավոր երկյուղից. դողում էին, անիծում և աղոթում։

Մոտ երեք-չորս հարյուր հոգու մի բազմություն սպիտակ դրոշը բռնած մոտեցավ կարմիր գվարդիականների դիրքերին։

— Կանգնեցե՛ք,— և զրահավոր մեքենան դանդաղ մոտեցավ։

— Ճանապա՛րհ,— բազմությունից բղավեցին մի քանիսը։ Նրանց մեջ կանացի մի ձայն կանչեց ամենքից բարձր. — Մենք Պետրոգրադի Դումայի և հասարակական հաստատությունների ներկայացուցիչներն ենք և գնում ենք խնդրելու ժամանակավոր կառավարության, որ դադարեցնի այս արյունհեղությունը։

— Չկա՛ ժամանակավոր կառավարություն, նա տապալված է։ Կա՛ հեղափոխություն...

— ճանապարհ տվեք մեզ։