Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


պիտի վերադառնամ և էլ երբեք, երբեք չպիտի գամ Ձորագյուղ։

Փոշմանել էի նրանց տուն չգնալուս համար։ Մի օր էլ փողոցում մորը տեսա, խոտի երկու խուրձ շալակին։ Հանդիմանեց, որ հրավերը չեմ ընդունել։ Եթե մեկ էլ կանչեր, թեկուզ մի ակնարկ աներ, ես պիտի հետևեի նրան։

Այն ժամանակ սովորություն կար տարեվերջին դպրոցում հանդես կազմակերպելու։ Եսէլ էի պատրաստվել, աշակերտները երգ ու ոտանավոր էին սովորել։ Մեծահասակ աշակերտները տախտակներ բերին, տներից գորգ ու կարպետ հավաքեցին, բեմը սարքեցին։ Պատվիրել էի, որ շատ մարդու ասեն, գյուղը տեղով մի գա, թեկուզ սենյակը հարյուր մարդուց ավել չէր տեղավորի։ Ամեն անգամ պատվիրելիս աչքս նրա քրոջն էի դարձնում, մեկ էլ կրկնում։

Կիրակին եկավ։ Անչափ տոնական էր իմ հոգին։ Գուցե և ոչ մի տեղ այդ օրն այնպես զվարթ չանցավ, ինչպես Ձորագյուղում ։ Բաց պատուհաններով գարունը այգիներից մաշկահոտ էր բերում, դպրոցի կտուրի տակ սարյակները բնից բուն էին թռնում, ճռվողում։ Նրանք էլ էին զուգվել, և այնպե՜ս էին փայլում սարյակների սև փետուրները։

Բազմության մեջ ես միայն մի գլուխ էի տեսնում, այս անգամ առանց շալի, մազերը միջից ճեղքած, խնամքով սանրած։ Եվ ի՜նչ բարակ էին նրա շրթունքները, բերանը որքան փոքր։

Ընդմիջումից հետո հանդեսի երկրորդ մասը պիտի սկսվեր մի բանաստեղծությամբ, որ արտասանելու էր նրա քույրը։ Կարպետը շարժվեց, բեմի ետևում երևաց Խոնարհը, իր գլխի սանրով կոկեց քրոջ մազերը։

Մանկան զիլ ձայնով և համարձակ ինչ-որ բաներ էր ասում փոքրիկ աղջիկը բեմից, ձեռքերն օդում ճոճում։ Բազմությունը լուռ լսում էր։ Ես չէի լսում։ Կողքիս