Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արագ շարժումներով: Եվ ամեն անգամ երբ նա կռանում էր, բարձրանում կամ բոբիկ ոտքերով քայլում խսրի վրայով, զրնգում էին թևերի արծաթագույն սուրմաները, խաղողի հատիկների չափ փոքրիկ զանգուլակների ձայն հանաւմ: Խշշում էր նրա զգեստը, որի փեշերը իջնում էին մինչև քեխից ու ցրտից ճաքճքած նրբանները:

Այն կինն էլ ուներ խշխշան շորեր, գորշ գույնի վերարկու էր հագնում, սև թավիշե գլխարկ, որի երկար քորոցը նարնջագույն գլուխ ուներ։ Հեռու էր, շա՜տ հեռու: Գուցե Բասուտա գետը ուրիշ գետի հետ խառնվելով հասնում է այն ծովին, որի ափին, ավազի վրա նստել էին մի օր վերարկուով կինը և նկարիչը։

Պահակը կոնսերվի երկրորդը տուփը բաց արեց։ Հնագետը սփռոցից ու պղնձե ամաններից գլուխը չէր բարձրացնում: Տղան սունկը կերավ և դարան մտած կատվի պես աչքերը տնկեց կոնսերվի փայլուն տուփին, սպասելով, որ դատարկեն։ Պահակը տեսավ նրա հայացքը, հասկացավ ցանկությունը և կոնսերվի տուփը, միջին մի քիչ ապուխտած միս, մեկնեց տղային։

Տղան տուփը թափահարեց, վրանի առաջ պառկած շունը կուլ տվավ ապուխտած միսը, լեզվով քիմքերը լիզեց: Դատարկ տուփը ձեռքին տղան դուրս թռավ վրանից, մյուսներին ցույց տալու սպիտակ թիթեղյա տուփը, որ չտես նորություն էր Կաքավաբերդի բարձունքներում:

Կինը նստել էր օջախի մոտ, հաճախ բարձրացնում էր թեյամանի կափարիչը, նայում տաքացած ջրին։ Խառնում էր կրակը, աթարներն իրար մոտ քաշում, և երբ ծուխն ամպի պես բարձրանում էր, դուրս գալիս կտուրի թաղիքի միջով, եղեգնյա պատերի արանքով, կինը ձեռքը ճակատին էր բռնում, աչքերը մուխից պահելու համար։

Ֆետրե գլխարկով մարդուն օջախի մոտ նստած կինը, որի երկար զգեստի տակից պարզ երևում էին ծունկերը, մուգ-մանիշակագույն աչքերով քրմուհի էր թվում՝