Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/458

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տնքալ էր սկսում, դեմքի ժպիտը կորչում էր, մոռանում էր մեզ էլ, տունն էլ, եզն ու կովն էլ: Ամեն մի այցից հետո նա խոր թառանչով պիտի ասեր.

— Ախ, Եգոր, մի էստեղից դուրս գայիր... Յարաբ, ա՞չք ա լինելու քեզ տեսնեմ:

Այդ որ ասեր, մենք էլ էինք տխրում, թեկուզ մեզանից ոչ ոք չէր տեսել մեր քեռի Եգորին, որին տարիներ առաջ բռնել ու աքսորել էին: Մինչև վերջն էլ հայտնի չեղավ, թե ինչու են նրան բռնել: Գիտեին միայն, որ զինվոր եղած ժամանակ ընդդիմացել է, իբրև թե հրացան քաշել: Մեզ համար մութ էր այդ պատմությունը, չէինք տեսել ոչ նրան, ոչ էլ գիտեինք այն երկիրը, որտեղ, ինչպես պապս էր ասում, «ամառ, ձմեռ՝ ձյուն է»: Իր որդու մասին պապս չէր ուզում խոսել մեզ հետ, և եթե ձմռան գիշերներին, քուրսու մոտ նստած, հյուրերից մեկն ու մեկը պատահմամբ հիշեցներ նրան այդ մասին, անզգույշ հարց տար, պապս «էհ» պիտի աներ, ուսերը թոթվեր և մի քիչ լուռ մնալուց հետո այլ զրույց աներ:

Այդ դեպքը մի ստվեր էր մեր լույս օրերի վրա: Մեծերը տխրում էին, տատս սանդուղում պահած որդու գուլպաներին նայելիս, աչքերից ծլլացնում էր, գլուխն երերում: Եվ եթե հարցնեինք նրան, թե հեռո՞ւ է նրա տեղը, պատասխանի փոխարեն պիտի կռանար, համբուրեր մեզ, մի-մի բան էլ ձեռքներիս դներ, մեզ ուրիշ խոսք ասեր:

Սակայն ամիսներով մոռացվում էր այդ պատմությունը: Վար ու ցանքի ետևից էինք ընկնում, լուսաբացից մինչև իրիկուն աշխատում էինք, և մեզ թվում էր, թե մեր տանը ոչինչ չի պատահել, ոչ ոք չի պակասել, ոչ մի հոգս չի ծանրացել մեր տան գլխին:

Բայց հերիք էր մի աննշան դեպք, որ պղտորեր պապիս սիրտը ու մեզ էլ դարձներ մոլոր: Գալիս էին հյուր, ու հանկարծ գալիս էր և մեկը, որի հետ քեռիս ընկերություն էր արել, -միասին ոչխար են պահել կամ գնացել