Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

խանութի տերերը... Այս մեկը Ներսես բեյի տունն է։ Իսկ նրա կողքին պրիստավն է ապրում։ Շատ շներ ունի, բարակ, նիհար շներ, որոնք օրերով քնում են և թռչկոտում, երբ պրիստավը գնում է որսի։

— Այ տղա, ի՞նչ ես ծախում,— հարցնում է մի կին պատշգամբից։

— Ձո՛ւ։

— Մեզ պետք է, Անդո,— կանչում է մի ծանոթ ձայն։ Մաշոն է։ Աղջիկն իջնում է վերևից։ Դարպասի դուռը բացվում է։

— Էս իմ տյոտյայի տունն է...

— Քանի ե՞ս տալիս ձվերը,— հարցնում է կինը։ Անդոն կարմրել է։ Նա չի ուզում, որ Մաշոն իմանա, թե ինքը ձու է ծախում, Անդոն չի ուզում, որ դասարանը խոսի։

Իսկ ուսուցիչը պահանջում է վայելչագրության տետրը։

— Ձուերը ձախու չեն,— կտրուկ ասում է Անդոն և գլուխը բարձր պահած գնում է դեպի կամուրջը, դեպի մեր արևոտ թաղը։

— Ես ուսումնարան չեմ գնա,— հայտնում է նա առավոտը։ Բայց գալիս է ինձ հետ։ Անա զիզին թախանձում է.

— Անդո, նանին քեզ մատաղ, դիմացի՛ր... Հրես Նարգիզը կաթ կտա...

* * *

Հայոց «ժամը»։

Սպիտակ կամարներ, ոսկեզօծ շրջանակների մեջ նկարներ։

Նուշիկի մայրը լալիս է... Մի քանի կանայք հեկեկում են, ինչպես անում են ուրիշի դագաղի վրա։

Մեր դասարանը երգում է տխուր երգեր, երկա՜ր, երկա՜ր...

Նուշիկի համար ենք երգում։ Աղջիկը ձեռքերը