Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

− Այ անդարդ մարդ, սալդաթ էլ չի գնալու։

Պատերազմ էր հայտարարված, գյուղը զինվոր պիտի տար։

Աշխատանքի խաղաղ օրերին այնպես էր երևում, թե սարերի հետև ընկած այդ գյուղի մասին քաղաքում ոչ ոք չգիտե։ Բայց այդ օր գյուղն անտես թելով կապված զգաց իրեն, և մի բռունցք, զինված բռունցք հարված էր պատրաստում գյուղի համար։

Գյուղից զինվոր տարան։

Առաջին ամիսներում ասես ուրախություն կար։ Զինվորների առաջին խումբը դհոլ-զուռնով ճամփա ընկավ, բայց հետո գարնան ծիծեռնակի պես երևացին 10 կռնատ տղերք, փայտե ոտքեր։ Գերությունից նամակներ եկան, օտար և անսովոր խոսքեր եկան հեռու քաղաքներից զինվորների նամակների հետ, և գյուղը կերպարանքը փոխեց։ Դհոլ-զուռնով էլ զինվոր չէին ճամփու դնում, լաց եղող շատ կար, գյուղում այրի մնացած հարսերի համարքը ավելանում էր։

Ամեն ինչ գյուղում տակնուվրա էր եղել։ Օրերը տարի էին դարձել, աղքատությունը ավելանում, հացի գինը բարձրանում, շաքարը դառնում հիվանդի դեղ։

Եվ ասես վերջ չէր լինելու։ Պետին գլուխը քաշ իր գործին էր։ Գյուղում ասես նրան չէին էլ նկատում, առաջվա հանաքները չկային, սարում ծնած 20 հորթը տուն բերելիս տան տերն առաջվա պես չէր ուրախանում։

− Պետի՛, մի խաբար բեր է՜, էդպես մի խեր խաբար բեր գերմանու պլենից։ Պետին ուսերը թոթվում էր, անխոս հեռանում։ Վարձն էլ քչացել, առաջվա չափ հաց չէին տալիս, շատերն էին փող տալիս հացի տեղ, թղթի փողեր, որի համարքը Պետին չգիտեր։

Հին շոր ոչ ոք չէր տալիս, շատերն էին հնացած շորեր հագնում։ Պետին ինքն էր գոմում, ճրագի լուսի տակ