Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/55

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մտահան անի կրակով վառած տավարը։ Սիրտը մղկտում էր, նեղանում էր իրենից, երբ մտաբերում էր, թե ինչպես ինքը հիվանդ կովին սարի տակ մահակով մի անգամ խփեց։

Ժամանակն անցավ, ժամանակի հետ էլ գյուղը մոռացավ կորուստն իր։ Ձմեռը եկավ։ Էլի առաջվա պես Պետին գոմերումն էր, ծանրած կովերին էր նայում, պարապությունից նեղվում և ձմռան վերջին նայում, թե երբ են երևալու Այու սարի դուրս ցցված կողերը։

Ձմեռն անցնում էր, հալոցքի հետ խոտ էր կանաչում, կանաչի հետ ջահելանում էր Պետին, եռում էր արյունը։ Բայց մտքից հանել էր կաղլիկ, 10 մի ձեռքը չորացած պառավ աղջկան։

Զառի աքիրն էլ մեռել էր, և էլ ոչ ոք նրան չէր ասում, թև՝

− Կնիկ ա՛ռ, այ փուչ մնացած, հորդ ամարաթը շինիր։ Պետին մերվել էր նախիրին, ընտելացել։ Նախիրից դուրս ուրիշ գործ չուներ նա, մտքերը նախիրից չէին հեռանում, սարերից դենը չէին գնում։

Միայն երբեմն, ամռան պարզկա լուսաբացին, երբ օդը մաքուր է, ապակու պես թափանցիկ, երբ հեռավոր սարերի գագաթները պարզ երևում են կապույտ հորիզոնում, նախիրն Այու սարի փեշերին արածացնելիս Պետին նստում էր մի բարձր քարի վրա և դիտում հեռուն, դաշտն անծայր, որի մեջտեղ կանաչ այգիների մեջ թաղված էր քաղաքը հեռավոր։

20 Մի անգամ էր եղել այնտեղ, երազի պես էր հիշում քաղաքը հեռու, ասես չէր էլ տեսել, լսել էր հեքիաթի հետ, ձմռան երկար գիշերներին։

Նախիրը տուն քշելիս մի իրիկուն էլ նա գյուղում անսովոր իրարանցում տեսավ։ Ամռան իրիկուն էր, հնձից, հարից տուն դարձած գյուղացիք խոսում էին խումբ-խումբ։

Փողոցով անցնելիս Պետին լսեց, որ մեկն ասեց, թե՝