Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/607

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հատորում ընդգրկված երեք պատմվածքաշարերից յուրաքանչյուրին հատկացված է ծանոթագրությունների մի հատված, նրանցից ամեն մեկում նախ տրվում են ամբողջ շարքին, ապա առանձին պատմվածքներին վերաբերող ծանոթագրություններ։ Այս վերջինների մեջ սկզբից նշված են (հապավումներով) տվյալ երկի բնագրային աղբյուրները. ներկա դեպքում դրանք են՝ կամ պատմվածքի հեղինակային ինքնագրի բնագիրը, կա՛մ տպարանային մեքենագիր օրինակը, կամ էլ հեղինակի կենդանության օրոք երկի հրապարակված բնագիրը։ Այսինքն դրանք այն բնագրերն են, որոնք (բոլորը) ստեղծված են հեղինակի կենդանության ժամանակ, ուստի և նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն արժեք ունի, միևնույն երկի երկու և ավելի բնագրային աղբյուրները մեծ մասամբ ինչ-որ չափով զանազանվում են իրարից։ Այդ աղբյուրները հատորում կա՛մ տպագրված են իբրև հիմնական բնագրեր, կա՛մ ներկայացված են «Այլ խմբագրումներ» ու «Բնագրային տարբերակներ» բաժիններում։

Յուրաքանչյուր երկի ծանոթագրության սկզբում նշված է նաև, թե բնագրային աղբյուրներից որն է ներկա հրատարակության համար հիմնական դիտված, և նրանում ինչ ճշտումներ են արված կազմողի կողմից, ինչի հիման վրա։ Ապա տեղեկություններ են տրվում պատմվածքի հրապարակումների, տպարանային բնագրերի բնույթի մասին, ինչպես և, եթե նյութեր կան, երկի ստեղծման պատմության վերաբերյալ։

Վերջում ծանոթագրված են երկի առանձին մասեր, անուններ, անվանումներ և այլն, որոնց վերաբերյալ կազմողի կարծիքով ընթերցողների մեծ մասին հարկ կա բացատրություններ տալու։

Բնագրային աղբյուրների մեջ արված մասնակի ճշտումները նախ տարբեր բնույթի վրիպակների և աղավաղումների ուղղումներ են՝ գրեթե միշտ աղբյուրների հիման վրա կատարված։ Այս կարգի բոլոր ճշտումները նշված են ծանոթագրություններում։ Մյուսները ուղղագրական արդիացումներ և շտկումներ են։ Նրանց փոքր մասն է նշված։

Հասկանալի է, որ շեն նշված ուղղագրական այն փոփոխումները, որոնք առնչված են 1922 թվականի ուղղագրությունը այժմ ընդունված (1940 թ.) ուղղագրության վերածելու հետ: