Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/618

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այնուհետև, Ծատուրյաանը նկարագրում է գյուղացու և արջի գոտեմարտը, ինչպես ինքը լսել է կամ, ավելի ճիշտ, ինչպես այն մնացել է իր հիշողության մեջ:

Մենք հետաքրքրվեցինք շիկահողցիներից, մաշկազերծ գլխով նրանց համագյուղացու մասին։ Պարզվեց, որ դա եղել է Գաբրիել Մարտիրոսի Հարությունյանը, որ մահացել է 1944 թվականին։ Տարեց շիկահողցիները պատմում են Գաբրիելի գլխին եկածը, թեև այդ պատմությունների մեջ տարբերություններ կան. եղելությունն արդեն բանահյուսական պատումի է վերածվել և ունի տարբերակներ։ Ինչ վերաբերում է դեպքի մասին Ծատուրյաանի գրածին, ապա նրա վրա էլ ակնհայտ է Բակունցի պատմվածքի ազդեցությունը, սկսած մաշկազերծ գլխով գեղջուկի անունից (սխալմամբ նրան Բակունցի գրական հերոսի անունով կոչում է Ավի), վերջացրած արջի ու մարդու մենամարտի նկարագրությամբ։

Իմանալով, որ Գաբրիելի երկու որդիներից (Արտեմ և Շամխար) մեկը՝ Արտեմը, բնակվում է Շիկահողում, 1961 թվականին մենք դիմեցինք նրան՝ խնդրելով հնարավորին լավ ճշգրիտ տեղեկություններ տալ հոր մասին։ Արտեմը մանրամասն գիտեր հոր գլխին եկածը։ Նրա պատմածը, որ մեր կողմից մասամբ լրացվել է ու ճշտվել, մի քանի ուրիշ շիկահողցիների վկայություններով, հետևյալն է․ 1911 թվականի փետրվարի 18-ի օրը շատ ձյուն էր եկել։ Գաբրիելը մի քանի ուրիշ համագյուղացիների հետ աշխատելիս է եղել Շիկահողի Ղշլազ կոչվող բինայում։ Իրիկնադեմին լուր է տարածվում, թե հարևան գյուղի ադրբեջանցիները մի հսկա արջ են վիրավորել, որը գազազել է և մտել մոտակա Կհոլ կոչվող անտառը։ Գաբրիելը հրացանն առնում է և ընկերոջ՝ Ղազարի հետ գնում անտառ՝ արջին սպանելու։ Անտառի խորքում՝ քայլող մարդկանց հետևից դուրս է գալիս հսկա գազանը և թիկունքից բռնում Ղազարին։ Գաբրիելը անմիջապես կրակում է արջի վրա։ Ոմանց պատմելով կրակում է, ապա հրացանով հարվածում արջին որից հրացանը ջարդվում է։ Ավելի գազազած արջը Ղազարին թողնում, հարձակվում է Գաբրիելի վրա։ Սկսվում է ծանր գոտեմարտը։ Ղազարը սարսափած թողնում է ընկերոջը մենակ ու թաքնվում։ Գաբրիելի և վիրավոր գազանի մենամարտը բավական երկար է տևում: Գյուղացին հաջողեցնում է ձեռքը արջի բերանը տանել, բայց անօգուտ։ Գաբրիելը մի քանի անգամ օգնության է կանչում ընկերոջը, սա վախից ոչ մի շարժում չի անում։ Արջը կրծում է մարդու թևի փափուկը, ապա թաթով հարվածում նրա գլխին։ Դրանից Գաբրիելի աչքերը արյունով են լցվում ու խավարում։ Գազանը մի պահ դադար է տալիս, գյուղացին փորձում է մաքրել աչքերը արյունից, բայց հենց այդ պահին արջը թաթով հարվածում է Գաբրիել ծոծրակին, ճանկերը խրում մաշկի մեջ և քաշելով պոկում մարդու գլխի ու դեմքի


——————————————

11 Ա. Ծատուրյանի պատմածում կան նաև փաստական հետևյալ անճշտությունները. սխալմամբ գրում է, թե դեպքը Մթնաձոր անտառում է տեղի ունեցել, և իբր այդ անտառը Շիկահող գյուղի մոտ է։ Իրականում Մթնաձոր կոչվող անտառը Շիկահողից հեռու է, իսկ դեպքը տեղի է ունեցել Կհոլ անտառում։ Ճիշտ չէ նշվում նաև դեպքի թվականը՝ 1912 (ճիշտը՝ 1911-ն է), ճիշտ չէ գրված, որ իբր հաշմված Գաբրիելին մասնագիտական բուժօգնություն բնավ ցույց չի տրվել. նա բուժվել է Բաքվում և այլն։