Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/628

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ՎԵՐՋԻՆ՝ 1933 Թ․ ԽՄԲԱԳՐՈՒՄ

«Դիլան դային ափսոսանքով նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ, շատ մոտիկ, լսվեց ոտնաձայն։ Ետ նայեց, աչքերը զարմանքից լայնացան և հրացանը բնազդմամբ ձեռքից վայր սահեց ծառի հետևը։

Անտառապահն էր, աչքերը` կաս-կարմիր ածուխ...

Մոտեցավ, բղավեց և մինչև ուշքի կգար, նրա մտրակը օդը ճեղքելով չախեց Դիլան դայու ուսը, մինչև թիակների ոսկորը մրմուռը ծակեց, ինչպես եղինջի հարվածը բաց մսերը վրա։

Անտառապահը հարվածում էր նրան և զայրանում, որ Դիլան դային փախցրել էր նրա միրհավը։

Անտառապահի որսկան շունը մեկ նայում էր տիրոջը, մեկ` Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց` հուզմունքից հորանջում, մեկ էլ անհանգիստ հոտոտում թփերը, որտեղ քիչ առաջ թպտում էր արնոտ միրհավը»։


1927 Թ․ ՏԱՐԲԵՐԱԿ

«Դիլան դային բերանը բաց նայում էր արնոտ միրհավի ետևից, երբ հանկարծ շատ մոտ լսեց ոտնաձայն, ետ նայեց, աչքերը չռեց, հրացանը ձեռքից վայր ընկավ: Յասաուլն էր, աժդահա, ռեխը՝ լայն, աչքերը՝ ջուխտ կրակ, տեղով մի զարզանդ... Մոտեցավ, բղավեց երեսին, ձեռքի մտրակով զարկեց ուսերին, մտրակի ծայրը կպավ երեսին, քթին: Ոտը գետնով տվավ, թքոտեց:Շունը, յասաուլի որսկան շունը, մեկ նայում էր տիրոջ, մեկ Դիլան դայուն, մռռում էր, պոչը գետնով տալիս, մեկ բերանը բաց անում, մեկ էլ սկսում հոտոտել թփերի մեջ, որտեղ քիչ առաջ ընկած էր միրհավն արնոտ:

Դիլան դայու լեզուն կապ էր ընկել, չկարողացավ խոսել։ Լեզու չգիտեր, յասաուլը ռուսերեն էր խոսում։ Լեզու իմանար էլ, նա պիտի լռեր, վախը կապել էր նրան»:

1927 թ. տարբերակի լեզվական-ոճական որոշ «կոշտությունները» 1933 թ. խմբագրմամբ մեղմված կամ վերացված են (օրինակ, բերված հենց առաջին պարբերությունում «բերանը բաց նայում էր» դարձել է «ափսոսանքով նայում էր», «աչքերը չռեց» դարձել է «աչքերը զարմանքից լայնացան»), և առհասարակ խոսքի գեղագիտական մակարդակը բարձրացել է վերջին խմբագրմամբ: Սակայն և 1927 թ. տարբերակն էլ իր յուրահատուկ բույրն ունի, թեկուզ որոշ «կոշտություններով» հանդերձ և բնութագրական է գրողի այն շրջանի գրելակերպի համար։ Օրինակ, «որտեղ քիչ առաջ ընկած էր միրհավն արնոտ» խոսքը իր ետադաս մականունով (ընդգծել ենք) գրողի այդ շրջանի լեզվի կարևոր հատկանիշն է, որը նվազեց կամ հիմնականում վերացավ 30-ական թվականներին։ Կամ 1927 թ. տարբերակում յասաուլին տրվող մակդիրները («աժդահա, ռեխը՝ լայն, աչքերը ջուխտ կրակ, տեղով մի զարզանդ»), 1933-ի խմբագրմամբ մեղմված են (միայն ունենք՝ «աչքերը կաս-կարմիր ածուխ»), որով երկը թեև ընդհանրապես գեղագիտորեն շահել է, բայց և ակնառու է, որ 1927-ի այդ մակդիրները այն շրջանի