Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/627

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՄԻՐՀԱՎ
(Էջ 72)

Բնագրային աղբյուրներ՝ ԽՀ 1926. 6 հուն.,N 132, ՏՄՕ, Մժ, ՍՑՍԺ:

Տպագրվում է ըստ ՍՑՍԺ-ի բնագրի: Կատարված են հետևյալ ուղղումները.

էջ 74, տող 27. ըստ ՍՑՍԺ-ի՝ Որպես եղեգ ճոճեց նրա դալար մարմինը— ուղղված է՝ Որպես եղեգ ճոճվեց նրա դալար մարմինը։

Էջ 76, տող 20. ՍՑՍԺ-ի բնագրում՝ քցեց-ուղղված է գցեց (ըստ նույն ժողովածուի մեջ միևնույն բառի այլ գործածումների) :

Էջ 79, տող 11, 16. ԱՑԱժ-ի, ԽՀ-ի, Մժ-ի բնագրում՝' զգուշ-ուղղված է ըստ ՏՄՕ-ի՝ զգույշ։

Առաջին անգամ հրապարակվել է «Սովետական Հայաստան» օրաթերթում, 1926 թ. հունիսի 6֊ին, ապա որոշ մշակմամբ, 1927 թ. տեղ է գտել «Մթնաձոր» ժողովածուի մեջ։ Ավելի արմատական վերամշակումից հետո 1933-ին պատմվածքը զետեղվել է «Սև ցելերի սերմնացանը» ժողովածուի մեջ: Հեղինակի կենդանության ժամանակ կրճատ տպագրվել է Մ. Մկրյանի և է. Վարդունու կազմած «Հայ գրականության քրեստոմատիայում» (10-րդ դաս. համար, Ե., 1934)։ Այնուհետև, 1955 թ. տեղ է գտել Բակունցի Երկերի երևանյան հրատարակության մեջ և «Ամբողջական գործը» բեյրության ժողովածուի Ա հատորում, 1959 թ.՝ «Եղբայրության ընկուզենիներ» ժողովածուի մեջ, 1960 թ.՝ «Սովետահայ գրականության ընտիր էջերում», 1962-ին «Ալպիական մանուշակ» վերնագիրը կրող գրքույկում, 1964-ին հեղինակի Երկերի 1-ին հատորում, 1969-ին «Ալպիական մանուշակ» ժողովածուի մեջ: Մի շարք անգամ տպագրվել է պարբերական մամուլում (ինչպես՝ «Ավանգարդ» 1959, N 71, «Սովետական Հայաստան» ամսագիր, 1959, N 7 և այլն)։

1927 թվականից հետո, բոլոր դեպքերում «Միրհավը» տպագրվել է ըստ 1933 թ. տարբերակի։

«Մթնաձոր» ժողովածուի տպարանային մեքենագիրը բաղկացած է 9 փոքրադիր (18,2 X 7,5 սմ.) էջերից. դրանք միջից ծալված մեծադիր թերթերի էջեր են, մի քանիսը ծալված տեղից կտրված։ Էջերի վերին մասում՝ ընդհանուր էջակալում կապույտ մատիտով՝ 77—85։ Վերջում թվական չկա։ Մնացած բնագրային հատկանիշներով այս մեքենագիրը համընկնում է «Աքարում», «Ծիրանի տափ» (տե՜ս ծանոթագր.) «Օրտնջիա», «Մրոց» պատմվածքների տպարանային բնագրերին։

Ներկա հատորում («Այլ խմբագրումներ» բաժնում) «Մթնաձոր» ժողովածուի լույս ընծայումից հետո առաջին անգամ տպագրվում է պատմվածքի 1927 թվականի տարբերակը, որը թեև իր արժանիքներով ընդհանուր առմամբ զիջում է 1933-ի տարբերակին, բայց և ունի բակունցյան 1920-ական թվականների ոճին հատուկ մի շարք ուշագրավ հատվածներ, բացի դրանից, հետաքրքրական է հեղինակի ստեղծագործական զարգացումը դիտելու տեսակետից։ Իբրև օրինակ համեմատենք գլխավոր հերոսի Դիլան դայու և անտառապահի հանդիպման տեսարանը երկու տարբերակներում։