Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/76

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
***

Դիլան դային միայն գիշերը տուն գնաց։ Ամբողջ օրը թափառել էր ձորում, եղել էր հարևանի այգու շրջակայքում, աղբյուրն էր գնացել, փողոցի անկյունում կանգնել էր, բայց ոչ մի տեղ Սոնային չէր տեսել։

Լուսնյակ գիշեր էր, երկինքն անամպ։ Փչում էր գիշերվա հովը։ Դիլան դային պառկեց դեզի գլխին, նոր հարած խոտերի վրա ու քունը չտարավ։

Հազարավոր չորացած ծաղիկներ բուրում էին խոտի խուրձերի միջից և լուսնյակ գիշերով նրան այնպես էր թվում, ասես այդ նույն դեզի վրա պառկել է Սոնան և խուրձերի մեջ թողել լաջվարդի բույրը։

10 Լուսաբացին հալվեցին աստղերը, գիշերվա լազուրը գունատվեց։ Երբ ծաղիկներն արթնացան գիշերվա նիրհից, և ցողը շողշողուն կաթիլներ շարեց նարնջագույն քարերի վրա, արևի առաջին շողերի հետ, գյուղի դիմաց, դեղնած արտերում, զարթնեց կաքավը.

— Կա՛խ-կղա, շա՛խկղա…

Լսվում էր կաքավի թավ երգը։ Ավելի վերև, անտառի խորքից, կանչում էր միրհավը։

Դիլան դային վեր կացավ, ուսը գցեց կայծքարով հրացանը և երեսը դարձրեց դեպի սարալանջի անտառը, որտեղից կանչում էր միրհավը։

Սիրտ չուներ իջնելու այգին, տեսնելու հնձանը։

20 Քայլում էր Դիլան դային շաղոտ խոտերի միջով, հնձած արտերն էր կոխ տալիս, ոսկեգույն ծղնոտները, և գլուխը կախ բարձրանում դեպի անտառը արահետի կեռմաններով և թփերի միջով։

Ահա ճամփի եզրին՝ մասրենու պառավ թուփը, նրա մոտ տափակ քարը, որի վրա հովիվներն այժմ էլ աղ են ցանում ոչխարի համար… Խուրձ էին կրում միասին՝ ինքը, Սոնան։ Արևը խանձել էր աղջկա երեսը, ոսկեդեղձան հյուսերի ծայրը։ Դեղին ծղնոտի փշրանքներ կային մազերի արանքում։