Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/87

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լա՜վ է, որ հնում պարիսպներ են կառուցել վանքի շուրջը։ Հարևանի այծերը չեն գա, բոստանի կանաչը չեն կրծի: Պարիսպների ետև, կալ ու մարագի կողքին, տուն կշինի քարափի գլխին և կապրի` հարևանի աչքից հեռու պարիսպների ետևում:

Տանը, երեկոյան, մտմտաց մեկ էլ, ծանր ու թեթև արեց ցերեկվա իր ցանկությունը և հարմար գտավ։ Հարկավոր համարեց հենց մյուս օրը ծառեր տնկել, բոստանը փորել, պարսպի փլված տեղում մի դուռ կախել, որ այծերը չկրծեն բոստանի կանաչը:

Շինականն ամենից առաջ բոստանատեղը պատեց։ Քարեր շատ, նախշերով քարեր` նռով ու ողկույզներով, քարեր` քամուց, արևից գիրը տեղ-տեղ խանգարված քարեր։ Ինչ որ ձեռն ընկավ, առավ պատը շարեց, ուրարտական մի պարիսպ, մարդաբոյ շարեց, բահն առավ, սկսեց փորել: Հողի տակից կղմինդրի կտորներ էին դուրս գալիս, ջարդված կարասի, քարեր։ Բահով շպրտեց ջարդված կարասին, քարերից մաքրեց բոստանատեղը և ավելորդ քարերը գլորեց ձորից ցած։

Իրիկնադեմին քարի վրա նստեց, ծխեց։ Ձորից հով էր գալիս և շոյում քրտնած ճակատը։ Ծխեց, նայեց վանքի կիսավեր պատերին, խաչքարերին։ Շինականին ավելորդ թվաց հին Հանավանքը։ Ի՜նչ լավ բոստան կլիներ, սեխ ու ձմերուկ, քանի՜ հարյուր տարի դինջացել է Հանավանքի հողը։

Լիներ, նորից մի ժաժք լիներ, ինչպես առաջ, և եղածն էլ թափեր ձորը, մոռացվեր վանքի տեղը։ Դուրս կգար իր բոստանից, պարիսպը կընդարձակեր, վանքի տեղն էլ կմաքրեր, իր սահմանի մեջ կառներ և կողքի հին դամբարանները, քարերը կիսով չափ թաղված հողի մեջ, գիրն անընթեռնելի:

Կառներ իր սահմանների մեջ և իշխանական գերեզմանների վրա կցաներ սոխ ու սխտոր, ծիրանի կտնկեր և