Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 1 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 1-ին).djvu/88

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ծիրանու արմատները կիջնեին ներքև, կմտնեին իշխանական ոսկրների մեջ, և ոսկրները համեղ ծիրան կտային։

Վանքը շվաք չէր գցի իր բոստանի վրա...

Շինականի վրա գյուղում թոնթորացին, խոսք եղավ Հանավանքում, թե չպիտի թողնեն, որ բոստան անի, տեղը հնուտ է, սրբավայր։ Խոսք եղավ և այն մասին, որ գյուղում բոստանատեղ չկա։ Շինականը բախտավոր է, հարմար հող է ճարել։ Թոնթորացին, հետո լռեցին։

Շինականի կինը հավան չէր մարդու արածին, բայց չբողոքեց։ Առավոտը կանուխ գնաց, համբուրեց խաչքարերը, երկու բարակ, իր մատների պես բարակ ու դեղին մոմեր վառեց, չոքեց՝ աղոթքի, բայց ոտնաձայն լսեց, հեռացավ։

Ժամհարն էր, եկավ վանքի մի անկյունում դարսած խոտից մի խուրձ տանելու։ Վանքի դռանը վառած մոմ ժամհարը վաղուց չէր տեսել։ Հանգցրեց մոմերը, գրպանը դրեց։ Երեկոյան գոմում տավարին ապուռ տալիս պետք կգար։

***

Ձմեռը բիբարով տոլման ավելի համեղ էր շինականի համար։ Ուտում էր, մեծ պատառներ կուլ տալիս և ամանը մեկնում կնոջը։

— Թե կա, մի քիչ էլ գցի...

Բիբարը կծում էր լեզուն, տաքանում էր ստամոքսը, և դուր էր գալիս վանքատեղի բոստանի բիբարը։ Եվ ոչ մի վանահայր անցած դարերում ձմռան օրերին չի ստացել այնքան խաղաղ հաճույք, ինչքան շինականը՝ իր ցանած բիբարը բերանում։

Երբեմն գնում էր տնկած ծառերին նայում: Մի քանի տարի էլ կալ ու մարագը կլինի, և ամռան շոգին, կալից բեզարած կպառկի ծառի ոտքի տակ։ Ձորից հովը կբերի Քասախի ալիքների սառնությունը, միրգը կհասնի ամռան արևի տակ։