Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/110

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուղևորի սպասել՝ տապ էր անում, տեղը նստում։ Էլ ո՞ւմ էր պետք ինքը, դրոգը:

— Եթե ավտոբուսը չլիներ, պասաժիրը միշտ բոլ կլիներ…

Դիմացից լույս երևաց։ Գևոն գլուխը բարձրացրեց, մոտեցող ճրագները տեսավ։ Ավտոմոբիլ էր։

Ավելի կռացավ, մոտեցավ քարափի պռունկին, մի ձեռքը թփի ճյուղից բռնած։ Գևոն մի ոտը կախել էր գետի վրա, կախած ոտով շոշափեց քարափը, մի քար գտավ, ոտը գրեց քարի վրա, մյուսը ծալեց։

Կամուրջի տակ գետը վշշում էր, վշշոց կար և Գևոյի գինով գլխում, նա չէր կարողանում որոշել, թե ու՞ր է գնում գետը՝ հե՞տ, թե առաջ, ա՞ջ թե ձախ։

Հանկարծ կամուրջի փայտերը լուսավորվեցին, լույսն ընկավ ջրի վրա, գետի հունը երևաց, քարափի պատի մի մասը:

Ավտոմոբիլը ասես Գևոյի գլխավերևը պայթեց, շիները սրածայր մեխերի վրա ընկան։ Գևոյի ձեռքերը թուլացան, ոտքը սայթաքեց, չիմացավ՝ թո՞ւփը պոկվեց, թե ինքն ընկավ։

Ավտոմոբիլի մեջ նստողներն այնպես կարծեցին, թե կամուրջից մի քար պոկվեց, ընկավ գետի մեջ։