Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/129

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՎԱՂԸ ՄԱՐՏԻ 8-Ն Է

Մարանենց հին տունն այդ օրը անճանաչելի էր դարձել։

Մգլոտած օճորքը սրբել, մաքրել էին, գետինը լավ ավլել, պատերի ճեղքերը թղթով կալել ու շարվեշար կախ արել նկարներ, կարմիր շորով նկարների չորս կողմը սարքել։ Եվ այնքան վա՜ռ էր երևում պատերի վրա կարմիր գույնը։

Երբ Մարանենց պառավը շեմքից ներս մտավ, զարմացած մնաց։

— Ախչի, էս հո հարսանքա՞տուն եք շինել մեր ղարադամը։

— Մինա՛ հորքիր, դու էգուց արի, հարսանիքն էգուց կտեսնես,— ձայն տվեց Աննան, որ քթոցի վրա բարձրացած աշխատում էր կարպետի մի ծայրը հագցնել սեպին։

— Բա էդ ի՞նչ ա,— հարցրեց պառավ Մինան, մի քիչ առաջանալով։

— Էս բեմ ա, բեմ... էգուց թատրոն ենք տալու,— պատասխանեց կինը և կարպետի ծայրը սեպին հագցնելուց հետո քթոցը մոտեցրեց մյուս պատին, վաղվա ներկայացման համար կարպետից վարագույր սարքելու։

Պառավ Մինան մոտեցավ մի ուրիշ կնոջ, որ թղթեր էր խմորում ու փակցնում պատերին։ Հարցրեց նրան, թե ինչ թղթեր են, գլուխն օրորեց ու, իրեն–իրեն խոսելով, դուրս գնաց։ Կանանցից մեկը նրա ետևից չանչ արեց, մյուսը նախատեց չանչ անողին։

— Ի՞նչ է հասկանում խեղճը, որ չանչ ես անում...

— Է՞ն չի հասկանում։ Գիտե՞ս ինչ սատանան ա։ Ասենք