Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/182

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

թե՛ Ավան, ես եզների մոտ մնամ, դու թռի, հավարը քցի, թե չէ ձյունը մեզ կխեղդի... Մինչև հասա, էլ ինչ ասեմ, տարի քաշեց։

Ու ցածր ձայնով ավելացրեց.

— Ինքն էլ մի քիչ քեփով էր... Ցուրտը որ նեղում էր, կանգնում էր, բութուլի բերանը բաց անում... Նանի, գնացի՞ն...

— Շուտ են գնացել, հիմի կհասնեն...

— Եզներն էլ էին մոլորվել, փնչացնում էին, թաղվում ձյունի մեջ... Երկու գերան թողինք գետի են կողմը... Հիմա ով գիտի ձյունը ծածկել է... Ապեր, գելերը փորձանք չեն բերի՞։

— Էս եղանակին գել կլինի՞,— պատասխանեց պապս։

Լռեցին։ Օջախում կրակը ճատճատում էր, և երբ բուխարի կով վայր էր ընկնում ձյունի մի գունդ, կրակը թշշում էր, կարծես դժգոհում էր ձյունի սառնությունից։ Քամին դադարել էր, էլ առաջվա թափով չէր խփում դռանն ու լուսամուտին։

Քիչ հետո գնացողները եկան։ Բակում լսվեց ոտների ձայն, ձիան վրնջոց։ Տատիս դուռը բանալն ու քեռուս ներս մտնելը մեկ եղավ։ Բաց դռնից տեսանք բակում վառվող ջա֊ հերը։ Քեռուս ետևից ներս մտան երկու հոգի, որոնք բերում էին Առաքել ապոր ձյունով ծածկած մարմինը։

— Ղա՛զար... Պապիս կանչելու շեշտից քեռիս հասկացավ և, յափնջու ձյունը շեմքի մոտ թափ տալով, պատասխանեց՝

— Սիրտը տեղն ա, շունչ ունի... Մի երկու անգամ էլ տնքաց...

Ավանը ուզեց դուրս գալ քուրսու տակից, պապս վրան նեղացավ, ու նա նորից ներս շուլալվեց, այս անգամ հեկեկալով։

Ներս մտան և մյուսները, որոնց թվում և ջաղացպան Անդրին, որի սպիտակ միրուքի վրա ձյուն էր նստել ու միրուքը հաստացել, մեծացել էր։ թարմանալու էր, որ այդ բորանին ջաղացպանը միացել էր նրանց։

— Նազու աղջիկ, բա ջուրդ չտաքացա՞վ,— դարձավ նա տատիս, որն առանց այն էլ աշխատում էր արագ շարժվել։