Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/212

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

սեղանի ծխախոտին, վառեց և խոր ծծեց։ Լուցկու լույսի տակ մի վայրկյան փայլփլեց նրա նշաձև ալքերը։

Ու շարունակեց։

— Մի քիշ մնացել էինք, մեկ էլ թե՝ Դանե՜լ։

— Հը՞…

— Ի՞նչ կլինի որ...

— Ի՞նչը։

— Ղրաղից մի քիչ կտրենք... Հո վաժնի թուղթ չի որ, անգրած տեղից եմ ասում է՜...

— Ա, հաշված կլինե՜ն... Պատասխանատուր ենք։

— Էլի հաշիվը թող մնա, հո գրածը չեմ ասում... Ղրաղից, մի մատը տեղ։

— Մինը քո սումկից, մինը իմ,— որոշեցի ես։ Էն րոպեին թռուցիկի կողքերից բարակ զոլով պոկեցինք սպիտակ թուղթը...

Ծխախոտը բերանիս, մեկ էլ աչքս ընկավ Դավիթի ոտքին։ Բութ մատի արանքից արյունը կաթում էր, ճանապարհի սուր քարերը քերծել էին նրա բաց մատները։

— Ասեիր, կարկատել տայինք, էլի՜...

— Էնպես վռազեցի, տնաշեն, բանկան էլ մնաց հեղկոմի հայաթը... Ուզում էի մի գրվանքա նավթ տանեի տունը:

Վեր կացանք։ Ձորում երևացին Քարափորի մարագները, մի քիչ հետո ներքևից լսվեց շան հաչոցի ձայն։ Խոր աշնան կարճ օրը մթնում էր, սարի սավերը հասել էր ձորի մյուս կողմը։

— Դավիթ։

— Հե՜…

— Գիշերս ո՞րտեղ մնա՜նք,— հարցրի նրան։

— Տավարածի աղի մոտ չգնա՜նք...

– Տավարածի տղան Քարափորի լիազորն էր։ Նա մեզ հետ մասնակցել էր կռվին, բայց իրենց գյուղի սահմանին հասել էինք թե չէ, մնացել էր գյուղում։

Երկուսով խորհրդակցեցինք և որոշեցինք մթնով մտնել գյուղը և ծեգը չբացված ճանապարհը շարունակել։ Որպեսզի տավարածի տղան էլ չիմանար մեր նպատակը, որոշեցինք