Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/215

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեր ռոտան տեղավորվել էր Սարվանլար գյուղում։ Էնպես էլ մեզ ընդունում ու պահում էին, որ չեմ կարող ասել։ Թուրքերն էլ էին սոված, բայց շատերը, ինչպես ասում են, եղբոր նման իրենց բաժինը մեզ հետ կիսում էին։

Ես ու Դավիթը մի թուրքի տան էինք ապրում՝ Թեմուրի տանը։ Աղքատ, որ անասելի։ Տունը վառեիր խանձահոտ չէր լինի։ Մեր ձորերում քանի տարի նոքարություն էր արել, հայերեն էնպես էր խոսում, որ լսողը հայից չէր ջոկի։

Մենք որ Սարվանլար գնացինք, տեսավ թե չէ, ճանաչեց, փաթաթվեց մեր վզով, լաց եղավ։ Հետո էլ աչքերը սրբելով, թե՝ ես էլ եմ բայլշևիկ, ասենք՝ բիլեթ չունիմ։ Ճիշտն ասած մենք էլ շատ էինք օգնում նրան։ Պայոկն ստանում էինք, կինը մի բան էր եփում, ամբողջ տնով միասին ուտում էինք։

Մեր ձորերի շատ մարդկանց ճանաչում էր։ Առաջին օրից արդեն նա տեղեկացավ, թե մեր բջիջում ո՞վ կա, ովքեր են մնացել, դյուզում, ո՞վ է դաշնակցականների հետ։ Ես մինչև այժմ էլ հիշում եմ նրա խոսքը․ երբ մեկ-մեկ թվեցի մեր տղաների անունները, Բեգլարանց Սիմոնի անունը տալիս Թեմուրը թե՝ նա կեղծ բայլշևիկ է, չհավատաս։ Զարմանալին էն է, որ էդ մարդու սկսածը ճիշտ դուրս եկավ, թեև նա Սիմոնին կուսակցության մեջ եղած ժամանակ չէր տեսել։ Էդ էն Սիմոնն է, որ թջ թ. պարզվեց, թե նա դաշնակների ագենտն է։

Հա, գանք մեր պատմության։ Էդ օրը ես տեղեկացել էի, որ շտաբից հրաման կա հարձակվելու։ Ուրախ–ուրախ եկա տուն, տեսնեմ Դավիթն ու Թեմուրը բոստանում աշխատում են։ Էս Դավիթն էլ ինչպես էր ոգևորված Թեմուրի բոստանով, որ կարծես իր ցանածը ինքը պիտի ուտեր։

Խաբարը երբ նրանց հայտնեցի, Դավիթն ուրախացած լոք-լոք արեց, գիժի նման բահը մի կողմը քցեց, Թեմուրին խտտեց ու վեր-վեր հանեց։ Թեմուրը թե՝ ես էլ եմ ձեր հետ գալու։ Մենք նրան կանուխ էինք խոսք տվել, մի քանի անգամ էլ մեզ հետ գնացել էր բջիջի ժողովների։ Ինչքա՜ն ուրախացավ, երբ խոսք տվինք նրան կուսակցության մեջ անցկացնելու։