Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տաղած ջանավարի բերանն է ընկնում, մեծ պատառը ականջն է լինում։ Խաբարը մեզ գարունքը հասավ։ Արանքն անցավ մի տարի, թե երկու, լավ չեմ հիշում,— վաղուց անցկացած բան է,— տեղը նրա ջահել տղան եկավ, Իլդրիմ բեյը... Նրա վերջն էլ փուշ եղավ,— դանդաղ վերջացրեց Սիմոն ամին և կարծես ինքն իրեն ավելացրեց.

— Էդ վերջերքս էր, թագավորը թախտից ընկնելու տարին... էն էլ մեզ շատ խաշեց, խաչահանեց... Հերս նրա ձեռքից չկորա՞վ,— և խոր հոգոց քաշեց։ Ապա դառնալով կնոջը, ասաց.

— Ա՜յ պառավ, բա չես ասում մեր ղոնաղը բեզարած կլինի... Ես էլ խոսքով եմ քցել։ 

Պաոավը ձեռքը մեկնեց անկողնուն։ Բայց իմ քունը խանգարել էր նրա պատմածը: Թեև առավոտյան կանուխ պիտի գնայի, բայց երևի էլ առիթ չէր լինի այդ գյուղը գալու։ Ուստի ես Սիմոն ամուն խնդրեցի, որ հոր պատմությունն էլ անի։ Սիմոն ամին նորից հիշեցրեց իմ հոգնածությունը։

— Չէ՛, Սիմոն ամի, պատմի... Ես գազեթ եմ քցելու քո ասածը...

Այս խոսքին պառավը նույնպես հետաքրքրվեց և մի քիշ մոտեցավ մեզ։

— Ո՞նց թե,— զարմացավ Սիմոն ամին, ապա համեստ ավելացրեց։— Այ որդի, ի՞նչ գազեթի բան է... Անգլիայից, Մոսկովից, ուրիշ տերություններից գրեք, թե չէ էս իմ խակ առակը ի՞նչ գազեթի բան է։

— Շատ պետք է...

— Կտպե՞ն,— ուրախացած հարցրեց նա։

— Կտպեն։

Սիմոն ամին տեղը շտկեց և շարունակեց։

— Իլդրիմ բեյն էլ հոր ճանապարհով գնաց։ Խուլ երկի՜ր, մութ մարդիկ։ Ո՞վ էր օրենքից հասկանում։ Օրենքն էլ նրա կողմը, արդարությունն էլ։

Էդ ճանապարհով, որ եկել ես, ծմակում մի քանի թալա տեղեր կան, առավոտ լուսով կտեսնես։ «Արյուն աղբյուր»-ի ջուրը տակովն է գնում։ Էդ տեղերը շատ հնուց մերն էր. կո-