Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/30

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մուքի ապերը «ղալբ» եզան պատմությունն անողն է: Դարձյալ առակով և օրինակով է խոսում, բայց վերջում ջահելները հաղթում են։ Մուքի ապերը մի անկյուն է քաշվում, չիբուխին զոռ տալիս և փափախի տակից ունքերը կիտած նայում ջահելներին, որոնք իրեն հակառակ խոսեցին։

Մի քանի սպիտակ գյուղացիք թիկն են տվել պատին, թազբեհ են քաշում, ժպտում են ծերի ժպիտով, բարի ու զարմացած են, որ իրենց կյանքի վերջում ջահելները չլսած, չտեսած բաների մասին են խոսում։

***

Հողային վեճ կա, ավելի ճիշտը՝ մի ծառի հարց։ Ծառը երկուսի սահմանում է բուսել, արտի միջնակում։ Հին վեճ է․ ամեն տարի նույն բանը կրկնվում է, երբ պատերը նորոգում են, փլվածը պատում։ Մեկն ասում է, թե՝ ծառն իմն է, մյուսն էլ՝ իմն է։ Չեն էշ ուզում ծառը կտրել, բայց այնքան պինդ են պատել ծառի շուրջը, որ ծառի բունը չի հաստանում։

Վեճին վերջ են տալիս, ծառը համարում դպրոցի սեփականություն։ Կողմերը մի պահ վարանում են, հետո համաձայնվում.

— Թող ձեր ասածը լինի…

Հանդում մի ոչխար է կորել, թուրք քոչվորի ոչխար։ Տերը գյուղի խորհրդից խնդրել է իմանալ, թե ո՛վ է տարել։

Էլի Մուքի ապերն է խոսում.

— Էդ մի նամուս չի մեզ համար, այ ժողովուրդ. հարևան ենք, էգուց էլ մեր տավարը նրանց հանդում կարող ա կորչի։

Եվ Մուքի ապերն առաջարկում է, ոչխարը եթե չգտնվի, գյուղի ոչխարներից մեկը նվիրել քոչվորին։

Առաջարկներ են անում, կասկած հայտնում, թե կարող է գայլը կերած լինի։ Բայց Մուքի ապերը չի համաձայնվում։

— Գելը որ ուտի, մի հետք կմնա,— և ավելացնում է.

— Հիմա ոչ ծեծ կա, ոչ էլ երդում տալ։ Գողն էլ չի ասելու, էլ ի՞նչպես իմանանք, թե ով ա կերել էդ քյասիբի ոչխարը։ — Եվ առաջարկում է կասկածավորին մի քանի ռոզգի հասցնել, ու ոչխարն իսկույն մեյդան կհանի։