Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մուքի ապեր, հիմա թակ չկա,-ասում է Բաքվից եկած բանվորը։

— Էդ ա փիս է՜… պիտի թակես, որ գողի աչքը վախենա,— պատասխանում է Մուքի ապերը։

Մի քանի հոգի գլխով հավանության նշան են տալիս։

***

Ժողովը վերջանում է։ Մեկը մոտենում է ինձ, հայտնում, որ աոանձին ասելիք ունի։ Թղթակից է, գյողի ժրաջան աշխատողներից մեկը։ «Արտելիայի» մասին առաջին անգամ նա է խոսել գյուղում։ Մի պակաս տեսնելիս գրում է, իմաց է տալիս թերթին։

— Թե չէ՝ մի քանի տուն կա, որ չվախենանք գեղի աղքատներին հում-հում կուտեն։

Հոդված է գրել, որ այդ ունևորներից մեկը մի աղքատի խաբել է և հողը զավթել։ Հոդվածը տպել են, լրագիրը գյուղ է հասել, կարդացել են ժողովում։ Եվ հալածանքը ծայր է առել։ Սպառնացել են, թե՝

— Խելքդ գլուխդ հավաքիր. եթե մի անգամ էլ մեզ խայտառակ անես, մեր պատվին դիպչես, գլուխդ ուսերիդ վրա չի մնա։

Ափաշկարա չեն հալածում, ծածուկ են անում։ Թղթակցի արտն են արածացնում գիշերով, տավարը նրա խոտատեղին քշում, ծառը կտրում, քաշած պատը փլցնում։

Երկու կրակի մեջ է։ Դատարանի տա, վախենում է, որ ավելի կվնասեն։ Չտա, չի լինում։

— Էսպես մտքիս հետ կռիվ եմ տալիս։

Գյուղում մենակ է։ Հուսահատության րոպեներ են եղել, տատանվել է, մտքում դրել է հրաժարվել գրելուց, հաշտվել իրեն հալածողի հետ, բայց դիմացել է։ Վճռել է շարունակել:

***

-Մութ է արդեն։

Գյուղի դիմաց ողորկ լանջով մի սար է ցցված՝ սրագագաթ ու լերկ։ «Դադ-Մելիքի» սարն է։ Նստել ենք տան առաջ։

Ընկերս պատմում է, թե ինչու սարին «Դադ-Մելիք» են ասում։