Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

դեպք է պատահել այս տարի այդ գյուղում. ծիծաղաշարժ է, բայց խիստ բնորոշ։

Մի կին որոշում է ինչպես էլ լինի իր մանուկին նոր ձևով կնքել։ Երբ լուր է առնում, թե գյուղում արդեն նոր կնունք կա, ուզում է տանի։ Սկեսուրը վրա է հասնում և արգելում. ահագին աղմուկ, աղաղակ։ Հարսը համոզվելու է ձևացնում ու մի քիչ անց մանուկի հետ ծլկվում։ Բայց կնունքն արդեն վերջացած է լինում։ Ճանապարհին մարագի մոտ նա հանդիպում է մկրտություն կազմակերպողներին, դիմում է նրանց և խնդրում է իր մանկան էլ կնքել։ Եվ հենց մարագի մոտ, փողոցում, կնքում են մանուկին։ 
Մեր գյուղերում դեռ շատ են նրանք, ծնոտն ու բերանը սպիտակ լաթի կտորով ծածկած, խոսելիս՝ ամաչկոտ ու անհամարձակ, սկեսրոջ և ամուսնու կրկնակի ահի տակ մեծացած մունջ հարսեր։ Սակայն քիչ չեն և շրջապատի խավարին հաղթել կամեցող և «քաղաքի» կնոջ պես՝ «քաղաքավարի» ապրել ցանկացող գեղջկուհիներ։ 
Բռունը մի փոքրիկ գյուղ է, բլուրի արևկող լանջին։ Ամեն անգամ, երբ լսում եմ գյուղում տարվելիք աշխատանքի մասին, միտս եմ բերում այդ փոքրիկ գյուղը՝ բլուրի լանջին։
Այս ձմռան էր, գյուղ-ժողով կար։ Կիսամութ, ծխով լցված մի սենյակում գյուղացիք իթար կողքի ծալապատիկ նըստոտել են գետնին, նստարան չկա։ Սեղանի վրա պլպլում է սև նավթի ճրագը և մրով սենյակը լցնում։ Սենյակում էլ նըստելու տեղ չկա. այդպես լավ է, տաք է լինում, խոնավ գետնին ոտքերդ չեն պաղում։ 
— Հընգերնե՝ր, խնդրեմ նախ և առաջ տուվեցեք մին նախագահ...
Գյուղխորհուրդն է. ուրեմն ժողովը սկսված է համարվում.
— Արուսյակից հարմար նախագահ չկա,— ձայնեց մեկը, հետո երկրորդը և այդ ձայնը դարձավ մի կատարյալ օվացիա։