Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մի ուրիշ կալվածագիր, որ ասորական' երկրներ ավերող, քաղաքներ գրավող և քարե քանդակների վրա արքայական սնապարծությամբ այդ արշավանքների մասին պատմող թագավորի ոճն ունի, իր նզովքով հանդերձ։ Այս անգամ «ղաբալա» չի, այլ կալվածագիր, գրված համարյա թե «երկաթագիր», հինավուրց «պատիվներով», սղումներով։ Սկսվում է այսպես։ «Ես, ներքո ստորագրող որ եմ Զանգեզուր գավառի Ալիղուլիշեն գյուղի բնակչուհի Նախշուն Պատրապետյանս այսու վաճառել եմ իմ Քյումբաթի ձոր անվանյալ տեղում գտնվող թութի այգիս ընդքեզ համագյուղացի մեր Գալուստ Ավագիմյանիդ որի դիմաց ըստացի քեզնից ութանասուն փութ ցորեն այդ գումարը ըստացի այսօրվանից լիովին և հետ այսու իրավունք ունիս տիրապետելու վերև հիշված այգուն որդոց որդի։ Այգու սահմանները սոքա են»։ Դարձյալ մանրամասն թվում է սահմանները' «հարավակողմից մինչև մեծ քարը, էնտեղից կտրի անցնի»,— իսկ և իսկ երկու տերության սահմանագիծ։ Հետո վերջում ասում է. «Այսուհետ դու հանդիսանում ես այդ բաղին տեր ու տիական, եթե այդ բաղի վերաբերյալ որևիցե մեկս ազգական բարեկամներից մեկն ու մեկը խոսելու լինի խոսքը լինի անընդունակ և պատասխանատու լինի օրենքի առաջ ոչ ոքի իրավունք չի տրվում ձեռնամուխ լինելու վերև հիշված այգուն բացի քեզանից և քո որդկերանցից գուցե թե ես Նախշունս փոշմանելի լինեմ և հետ դարձնեմ բաղը պարտավորվում եմ մեկ հարյուր ռուբլի ոսկի տալ իսկ եթե ես Գալուստս փոշմանեցի և ուգեցա վերադարձնել զրկվում եմ իմ տված ութանասուն փութ բորենից կալվածագիրը գրված է Նախշուն Պատրապետյանի համոզմունքով»։ Կալվածագիրը Նախշունի «համոզմունքով» գրելուց հետո «մեր Գալուստը դառնում է տեր ու տիրական», սակայն «ազգական բարեկամներից մեկը խոսում է օրենքի առաջ», և նրա խոսքը լինում է «ընդունակ», «մեր Գալուստը» զրկվում է «որգոց որդի ազգե ազգ տեր և տիրական լինելուց»։ Գործի քննությունը պարզում է, որ «մեր Գալուստը» ութանասուն