Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/393

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վրանի մոտ մի փոքր տեղ պառավը փորել է բահով, երկու մարգ արել։

— Աստեղ աղվոր սխտոր կըլլա— ասում է, ծիծաղում։ Խոպան հողը չգիտեր, որ Կավալայից, Սիրիայի, ավազուտներից ծովերի վրայով մի օր մի պառավ պիտի գա սխտոր ցանելու։ Կասկածում էր և պառավը, թե պիտի ուտի՞ իր ցանած սխտորն օրերից մի օր։ 
Վրանների մոտ տրակտորներ կան ընկած, բանած եզան նման ասես հանգստանում են շվաքում։
Գանգուր մազերով մի տղա ուլի նման ցատկոտում է  տրակտորի վրա, մի ուրիշը փայտի կտորներից տուն է շինել, վազում է վրանից բերանով ջուր բերում, ցեխ անում, տրակտորի շվաքում շինած տան կտուրը ցեխելու։ 
Խոսեցնում եմ գանգուր մազերով տղային, անունն եմ հարցնում։ 
— Ան հայերեն չհասկնար,— ասում է տրակտորի շվաքում տուն շինող երեխան։ Տաճկերեն եմ հարցնում։
— Ժիրայր,— ասում է. մայրը ձայն է տալիս վրանից, որ ջրի սայլը եկել է արդեն, թող ջրի գնա։ Ժիրայրը թռնում է գնդակի պես։
Խմելու ջուրը հեռվից են բերում։ Երբ Արմաշում էլ վրաններ չեն լինի, պառավը կշտանա սխտորից, սպիտակ գառնուկները մեծանան և ծնեն, երբ Արմաշը գյուղ դառնա, սարի աղբյուրից ջուրը խողովակներով կբերվի մինչև գյուղ։
Ջրի սայլի մոտ հերթի են կանգնում։ Ամեն մեկի ձեռքին մի տեսակ ջրաման կա։ Ահա մեկը, որ բենզինի դատարկ բակը հարմարեցրել է ջրամանի, մյուսը՝ Յուվայի կավե կուժ ունի, երրորդը՝ փայտե փոքրիկ տակառ, երկար շղթայով, չորրորդը՝ պղնձե սափոր։ 
Ջրի սայլի մոտ հերթի են կանգնել, ինչպես մեր գյուղերում աղբյուրի մոտ: Էլի այն զրույցները կան՝ ջրի մոտ՝ մի ջահել կին, ուրիշ վրանում ապրող իր բարեկամ կնոջից խորհուրդ է հարցնում
— Տղաս կարմրուկ է հանել,— ասում է։
— Տաք պահե, փայտ չունես նե, եկե տար,— ասում է բարեկամ կինը, սափորը մոտեցնում ջրի տակառի ծորակին։