Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Իվան, տունս քանդեցիր, խայտառակ արիր,— ասում էր Սրապը։

— Բան չկա, կասես, որ քեզ համար ես կտրել։ Աղքատ ես, բան չեն առնի, կներեն,— սիրտ էր տալիս Իվանը։

Դատարան գնալուց առաջ Աբգարենց Իվանը գիշերով Սրապի տունը երկու փութ ցորեն ուղարկեց, նոքարին պատվիրեց թե՝

— Ասա, որ կալին էլ կտա…

4

Դատավորը հարց ու փորձ էր անում Սրապին։

— Ինչո՞ւ ես բերել, քեզ համար է, թե չէ։ Ասում եմ, սուտ որ ասես, օրենքը քեզ խիստ կպատժի,— ասաց դատավորը։

Սրապը հանկարծ հետ նայեց։ Իվանը նստել էր առաջին շարքում, որպես թամաշա անող։ Սրապը նայեց Իվանին, Իվանը աչքով արեց.

— Պիտի ասեմ, Իվան, պիտի ասեմ։ Հոգուս վրա մեղք մի դնի, ես անմեղ եմ։

Եվ բոլորը պատմեց։ Հետո մոտեցավ դատավորին.

— Ահա չորս աբասին, երկու փութ էլ ցորեն կա տանը, ձեռք չեմ տվել…

Դատավորը, թե՝

— Ապրե՛ս, Սրապ։

Երկու օր հետո Իվանին պիտի դատեին։

Ժառանգ ունենալուց ավելի ծանր հոգս թվաց Աբգարենց Իվանին դատը, որ երկու օր հետո պիտի լիներ։