Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

2

Մի ուրիշ հոգս էլ ուներ Աբգարենց Իվանը, նոր տուն շինել։

Նստել, հաշիվ էր արել, թե ի՞նչ պիտի նստի տունը. հաշվել էր և ձեռքի փողը, բայց ոչ ոքի չէր ասել, թե ինքը իր տունը կշինի ունեցած փողով։

Մի քանի օր հետո Իվանը, իրիկնադեմին, իր կալի մոտ խոսեց հարևան Սրապի հետ։ Սրապն աղքատ էր, կայքը վառեիր՝ ծուխ էլ չէր բարձրանա։

— Սրապ, ուզում ե՞ս հարստանաս,— ասաց Իվանը։ Սրապը զարմացած նայեց։

— Էգուց կացինն առ, գնա անտառում գերաններ պատրաստի տանս համար, գիշերով բեր։

— Բա բիլե՞թ,— հարցրեց Սրապը.

— Առանց բիլեթ, ծածուկ բեր.

— Բա որ բռնե՞ն,— էլի հարցրեց Սրապը։

— Ա, տնաշեն, բռնեն, քեզ ի՞նչ պիտի անեն, ինչ ունես, որ ի՞նչ տանեն։ Չես իմացե՞լ, որ էս կառավարությունը աղքատի համար է հոգս քաշում, դու էլ աղքատ ես էլի…

Սրապը մինչև միտք կաներ, Իվանը նրա ձեռքում մի քանի արծաթ դրեց, արծաթից Սրապը տաքացավ։ Տանը հաց չկար, շոր չկար։

— Լավ,— ասաց։ Եվ գիշերով կացինն առավ, գնաց անտառը։

3

Սրապը տասներկու գերան կտրել էր, վեր գցել, կլպել։ Երեքն էր մնացել։ Քրտինքը փրփուր էր դառել, Սրապը չէր բեզարում։

Երբ վերջին ծառը ընկավ, Սրապը կռացավ, որ ճյուղերը կտրատի, ոտնաձայնի վրա ետ նայեց։ Ծառի մոտ անտառապահն էր կանգնել։

Սրապը գունատվեց, կացինը ձեռքից վեր ընկավ։ Երկու օր հետո, անտառապետի կազմած արձանագրությունը դատարան գնաց։