Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երջանիկ օրերը երբեմնի, երբ սանդուղում զրնգում էր ոսկին, ամեն օր գառ ու յուղ էր ընծա ստանում գյուղերից, քայլերը հաստատ էին, կեցվածքը հպարտ։

Ինչպե՞ս եղավ… հարցնում էր, ճգնում շաղկապել երբեմնին՝ գառ ու յուղով, այսօրվա ոսկրոտ մսի հետ, բայց թելը կտրվում էր, ծայրերը ձեռքից բաց ընկնում։

Եվ Իվան բեյին այնպես էր թվում, թե երբեմնին է երազ, բայց միտն էր բերում արխիվում տեսած թուղթը դեղնած, մգլոտած ու հաշիվ չէր կարողանում տալ ինքն իրեն, թե ինչու առաջ, այն լի օրերին իր մտքով երբեք չէր անցնում այսօրվա օրը։

Մի կասկած օձի պես աննկատ սողում էր, սրտի մեջ կծիկ դառնում, մի ծանր կասկած, թե խանգարված է միտքը իր, մաշվել է մեքենան, շարժումները անկանոն են, ընդհատ խառնվել է գլխում հին ու նորը, միտքը սառել է ձյունի տակ մնացած դդումի պես, էլ երբեք չպիտի իմանա, թե ինչ է բերում օրը վաղվա։

Սոսկում էր Իվան բեյը իր մտքից ահավոր, կծկվում էր, կուչ դալիս ինչպես հավը հավաքից հետո, առնում էր ուսին հնամաշ վերարկուն, գլուխը կախում էր կրծքին, աչքերը կիսախուփ անում և ակնապիշ նայում մի կետի։

Այդ օրերին նա հնամաշ ժուռնալին էլ չէր նայում։

* * *

— Մամա՛, ավթանաբիլ…

Եվ փոքրիկ ու փայլուն ավտոն, փափուկ անիվների վրա մի արև առավոտ սահեց քաղաքի փողոցով, կանչեց զիլ և կանչեց անսովոր։ Ծառի շվաքի տակ նստած հորթերը կիտ արին, պոչը կեռ բարձրացրած փախան քաղաքի փողոցներով։

Ավտոն դեսուդեն վազեց, նորից կանչեց և ոչ ոք գարաժի դռները չբացեց, որովհետև գավառական քաղաքում գարաժ դեռ չկա։ Նորից հետ եկավ, կանգնեց ծառի շվաքի տակ, ուր հորթերն էին նստոտած, փրթփրթաց դժգոհ ու շունչը կտրեց։

Ասես ռումբ էր, որ հեռվից մեկը շպրտեց փոքրիկ քաղաքի վրա։ Ռումբ պայթեց, և աղմուկի անսովոր ականջները