Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/62

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իվան բեյը կռացավ, որ հող վերցնի։ Այնքան դժվար թվաց նրան այդ։ Մի պահ կանգնեց, հողը բռան մեջ, ասես չէր ուզում գերեզմանին լցնել։

— Անհաղորդ մեռավ,— ասաց հարևան մի կին, գոգնոցի ծայրով կարմրած աչքերը սրբելով։

Տուն վերադարձան։ Ճամփին տերտերը հին պատմություն էր անում, բայց Իվան բեյը չէր լսում, մտքերը հետ էին, թարմ հողաբլուրի շուրջը։ Գլխաբաց էր և չէր նկատում այդ։ Գլխաբաց էլ տուն եկավ։ Հարևանի կանայք մնացին մինչև իրիկուն։ Նրանցից մեկը վառարանը վառեց, իրիկվա համար փայտ դարսեց, մյուսը ինքնաեռը տաքացրեց։

Իվան բեյը անպաշտպան մանկան խեղճ հայացքով մեկ սրան էր նայում, մեկ նրան։ Անճարություն կար նրա դեմքի վրա, կսկիծոտ մի հարց.

— Ես ո՞ւր մնացի...

Երբ կանայք հեռացան, քիչ հետո էլ տերտերը գնաց և գնալուց առաջ Իվան բեյին ասաց, թե ինչ լավ թեյաման ունես, և որ ինքը փող չի ուզում, — երբ տերտերը սանդուղքի ձյունը ճռճռացնելով գնաց և իր հետևից էլ դարպասի դուռը ծածկեց,— Իվան բեյին այնպես թվաց, թե դարպասի դռան հետ փակվեց և ամեն ինչ։

Պարապ զգաց, անասելի դատարկություն սրտի մեջ, կսկիծ, որ մրմուռ ունի։

Հանգավ վառարանի կրակը, մարեց և լույսը ճրագի։ Մութի մեջ անկողնու վրա, հին վերարկուով կոլոլված պառկեց Իվան բեյը, գլուխը թաղեց բարձի մեջ։

Էլի քամի էր փողոցում, քամին ձյուն էր շպրտում, և պատուհանի ապակիները զնգում էին կամացուկ։ Կոշմարի պես ծանր էր սենյակի խավարը Իվան բեյի համար և մի միտք չէր հեռանում գլխից.

— Ինչքա՜ն ցուրտ է պառավի համար...

Եվ ոչ ոք չլսեց Իվան բեյի զw:սպած հեծկլտանքը ձմռան ցուրտ գիշերին։