Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


ՀԻՄԱՐ ՄԱՐԴԸ

(Հեքիաթ)

Լինում է չի լինում, մի հարուստ մարդ է լինում. նա ունենում է 7 աղջիկ, բայց ոչ մի տղա։ Մարդը կամաց-կամաց սկսում է ծերանալ։ Նա իր յոթ աղջիկներին ամուսնացնում է և ունեցած-չունեցածը ծախելով ճանապարհ է ընկնում Աստծու մոտ գանգատվելու, թե ինչո՞ւ իրեն տղա զավակ չի պարգևել։

Ճանապարհին նա տեսնում է մի մարդու, որ տխուր ու տրտում, վիզը ծռած կանգնած էր իր արտի մոտ։

-Բարի օր,-ասում է մարդը։

-Աստծու բարին,-պատասխանում է արտատերը տխուր։

-Ինչո՞ւ ես տխուր,- հարցնում է մարդը։

-Ինչ անեմ, որ չտխրեմ. ամեն տարի արտումս 100 սոմար ցորեն եմ ցանում, բայց որ գալիս է հնձելու ժամանակը, իսկույն ժանգը պատում է արտս։ Չեմ իմանում՝ ո՞ր մեղքիս համար է այդպես լինում։

-Ես գնում եմ Աստծու մոտ. եթե կուզես, քո դարդն էլ կպատմեմ։

-Շատ լավ կլինի,-ասում է արտատերը ուրախացած։

-Մարդը շարունակում է իր ճանապարհը։ Անցնում է շատ երկրներ, սարեր ու ձորեր, և մի խիտ անտառում պատահում է նրան մի գայլ, որ տխուր կանգնած էր ճանապարհի վրա։

- Բարի օր,- ասում է մարդը։