Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/72

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԹԱՆԳԻՆ

Եթե գյուղում ծաղիկ Աիներ, նա մանուկ ժամանակ չէր հիվանդանա, վերքերը չէր փորի և չեչոտ էլ չէր լինի։ Մայրն ուրիշ հոգս շատ ուներ՝ օրորոցում պարուրի մեջ Թանգուն կապելուց հետո ներս ու դուրս էր անում և չէր նկատում, թե ինչպես երեխան ուժ էր տալիս, թաթերը հանում և քորում, վերքերն արնոտում։

Թանգու առաջին սերը պատից կախ արած նախշով խալին էր։ Ամռան շոգին ճանճերը լիզում էին երեխայի քթածակերն ու աչքի ակները, իսկ փոքրիկ Թանգին մատը բերանում, ծլոլը կախ, ժամերով աչքը չէր հեռացնում խալու նախշերից։ Առաջին չորեքթաթ արշավը դարձյալ դեպի խալին էր։

Տանը երեխա շատ կար, հոգսը շատ էր, վար ու ցանքսը միջոց չէին տալիս Թանգու հորը նկատելու ժառանգի առաջին սերը։ Եվ պատահմամբ էր, որ նրա աչքին ընկավ որդու ծակոտկեն երեսը՝ չեչաքար։

Հայրը նայեց, ուզեց մի բան ասի, բայց բերանում հացի պատառը շաղախվեց թքի մեջ, կոկորդը սեղմեց, և մինչև կուլ կտար, միտքն էլ թռավ, անհետացավ։

Թանգին մեծացավ։ Հոր տնկած ծառերը դեռ բար չէին տվել, երբ Թանգին մագլցում էր ծառն ի վեր, տավարը ջուրը տանում, օրը տասն անգամ աղբյուրը վազում սառը ջուր բերելու։

Երբ գանգի խոռոչում նրա ուղեղը խմորի գնդի չափ դառավ, Թանգին արդեն գիտեր, որ ամենից թանկը աշխարհի երեսին պարարտ սևահողն է, աղբած բոստանը, գոմը ապրանքով