Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

այգու ճանապարհը բռնում, դռնակը բաց անում։

Տարիները գլորվում էին, ծառը պտուղ էր տալիս, արտը՝ ոսկեհատ ցորեն, արևը ծագում էր, խանձում ցերեկին, մայրամուտին հանգչում։ Թանգին պինդ էր կոխում սեփական հողը, մտքում դրած սահմանին ձգտում անխռով, ինչպես ծագում է արևը, խանձում ու հանգչում մայրամուտին։

* * *

Մի գարուն էլ, երբ օրերը երկարացան, հողը տաքացավ, և գոլորշի բարձրացավ հանգստացած հողից, մի գարուն էլ Թանգու համար ուրախ լուրեր չեկան քաղաքից։ Արևն էլի առաջվա տեղիցն էր ծագում, բայց Թանգուն թվում էր, թե ծռվել է աշխարհի առանցքը, վազքն ընդհատ է, շնչակտուր։

Թխպեց Թանգին։ Այգում սեփական հողը պինդ չէր կոխում, դողում էին կոր ծնկները։ Կանգնում էր ծառի մոտ, տեսնում, թե ինչպես լցվում են բողբոջները, սևին է տալիս խնձորենու մաշկը, զգում էր, որ զարթնում են արմատները, շարժվում են հողի մեջ կենարար հյութերը, և մտածում, որ գարունն ուրախ լուրեր չի բերել։ Գունատվում էր մերթ, զայրանում, և զայրույթից չեչաքար երեսը կարմրին էր տալիս։

Օգոստոսին կարմրեց խնձորը, հասավ։ Գիշերով թռան պարսպի վրայով, ծառերը պլռկեցին, ճղակտոր արին։ Եվ երբ լուսաբացին Թանգին այգու դռնակով ներս մտավ, տեսավ խնձորները թափված, բոստանը ոտնակոխ, ճղները՝ կտրած կռներ, տեսավ և գիշերվա հետքերը, տերևներ ցողոտ այստեղ-այնտեղ, հասկացավ, որ գարունը տեղահան է արել պարիսպները, ուրիշ բերաններ կան գյուղում՝ խնձորի, փափուկ լավաշի կարոտ։

Տարիներն էլ անիվներ չէին անտես, այլ ծանր ջաղացքար, որոնք գլորվում էին թափով և տրորում պարիսպները, հիմնահատակ անում զավթած հողերի սահմանները, հարթում հավասար։

Մուրհակները խոնավացան, բորբոսնեցին երկաթե սնդուկում, ուժը հազիվ էր հերիքում պահելու եղածը, հեռվում