Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԳԱԼՈԻՍՏԻ ՎԻԿԸ

1

Եթե գյուղում մի ժողով լիներ, և եթե Գասպարենց Գալուստը տանը լիներ, անպատճառ պիտի գնար ժողովի։

— Գալո՛ւստ, էդ ի՞նչ կա ժողովում, որ վազ ես տալի,— հարցնում էին երբեմն,— չունևոր մարդ ես, տանդ նստի, քո աղքատության ետևից ընկի։ Ժողովն ի՞նչ կտա քեզ…

Գալուստը բեղի տակին ծիծաղում էր, ուսերն իրար տալիս ու ասում.

— Ժողով ա էլի, մի բան լսում ես, մի բան սովորում։ Թազա մարդիկ են գալիս, դեսից-դենից խոսում են, գյուղացու համար են ասում։

Ժողով գնալը Գալուստին չէր խանգարում։ Աշխատելիս՝ երեք մարդի գործ էր շինում։ Գյուղի գործերին ակտիվ մասնակցում էր։ Ազատ ժամանակ էլ գնում խրճիթում նստում, գիրկապ անելով կարդում էր, թե ի՛նչ է կատարվում ուրիշ երկրներում, ո՛րտեղ կռիվ կա, մարդիկ ի՛նչ նոր բաներ են հնարել։

Մի բան որ դուր գար, երկրորդ անգամ էր կարդում, գլուխն օրորում և քթի տակ ասում.

— Տես ի՜նչ հունարներ են նշանց տալի, է՜յ գիդի ուսում… Ապրելը հեշտանալու ա։

Դուր եկած բանը կպատմեր գյուղացիներին։

— Կազեթում էսօր գրած էր՝ մի տեսակ հնար են գտել, որ ինչ վախտ քեֆդ անձրև ուզի, ամպերից վեր կբերեն…