Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/80

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեղը վար ու ցանքի համար չի, մենք անասունով ենք ապրում։

Գյուղացիք գլխով համաձայնության նշան էին տալիս, իսկ քաղաքից եկած ընկերը գրում էր Գալուստի ասածները, որ քաղաքում իմաց տա, թե գյուղն ի՞նչ ցավ ու հոգս ունի։

3

Ամեն անգամ ժողովներից հետո գյուղացիք խումբ-խումբ հավաքված ծանր ու թեթև էին անում բոլոր լսածները և իրենց գյուղն աղքատությունից դուրս բերելու մասին զանազան կարծիքներ հայտնում։

Ոմանք համոզված էին, թե գյուղն այդպես էլ կմնա, քանի որ տնտեսությունը լավացնելու հնարավորություն չկար

— Էս սարերում ու ապառաժներում ի՞նչ կարելի է անել,— ասում էին նրանք։

Բայց կային ուրիշ տեսակ մտածողներ էլ։

— Այ, մալականը մեզ օրինակ։ Տեսնո՞ւմ եք, ի՜նչ կովեր են պահում։ Նրանք վաղուց արտել են կազմել, գործարան շինել, լավ պանիր ու յուղ են պատրաստում, և իրենք էլ կուշտ ու մաքուր ապրում են…

Մալականների օրինակին հետևելու միտքն ավելի հնարավոր ու իրագործելի թվաց, երբ մի անգամ քաղաքից եկած ագրոնոմը ժողովում խոսեց անասունների, նրանց կերի, պանրի ու յուղի գործարանների և արտելների կազմակերպության մասին։

— Ձեր գյուղում,— ասաց ագրոնոմը,— ներկա նեղ վիճակից դուրս գալու և քիչ թե շատ բարեկեցիկ կյանք ստեղծելու միակ միջոցը անասնապահության զարկ տալն է։ Դրա համար դուք պետք է երեք բան անեք.

1. Վիկ և ուրիշ տեսակի խոտեր ցանեք, որ ձեր տավարը կուշտ լինի և շատ կաթ տա։

2. Արտել կազմակերպեք, նրա միջոցով վարկ ստանաք ու գործարան շինեք—ընտիր տեսակի պանիրներ ու յուղ պատրաստեք, որ լավ գնով ծախեք ու հոգաք ձեր ցավերը։