Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 2 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/94

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի թաս խմելը նրա համար նույնքան անհրաժեշտ էր, որքան իր լղար ձիերի համար գարին։ Նա ինքն էլ չգիտեր, թե առավոտ կանուխ խանից դուրս գալու պատճառը օղի՞ն էր, թե այն երևակայական մարդիկ, որոնք ըստ Գևոյի, անպատճառ պիտի սպասեին հրապարակում։

Եթե փոշու ամպի մեջ նա ձայն էր տալիս.

— Մի հոգի, վռազ էթացող,— այդ էլ անհրաժեշտ ձև էր, որովհետև եթե այդպիսին ճարվեր էլ, նա դարձյալ նեղլիկ փողոցում օղին պիտի խմեր և վերադառնար պասաժիրը տանելու։ Այդ ժամանակ նա մի բան պիտի սարքեր, հնարեր մի պատճառ։

— Էն սև ձին մեխով էր ընկել, տարա մեխը հանի… Է՜հ, մի օրինավոր նալբանդ էլ չկա էս քաղաքում, սաղ էլ հարամզադա են…

Կասեր և այնպիսի ձայն կհաներ, այնպես կկանչեր ձիերի վրա, որ դրոգում նստած մարդը մի րոպե կմոռանար դրոգի օրորվելը, անիվների չխկչխկոցը։ Մի հոգուն նստացնելուց հետո Գևոն դրոգը քշում էր հրապարակի կողքի փողոցներով, էլի կանչում։

— Մի հոգի, վռազ էթացող,— մեկն էլ ճարում, հետո շուռ տալիս հրապարակը, երրորդին վերցնում։ Եվ եթե քաղաքից դուրս գալիս հանկարծ մեկն էլ պատահեր, Գևոն նրան էլ էր վերցնում, թեկուզ կես ժամ էլ ուշանար: Շատ անգամ ինքն իջնում էր, վերջին ուղևորի իրերը կապոտում, շալակում, բերում դրոգում տեղավորում։

Իհարկե, դրոգում նստողները գանգատվում էին, բարկանում։ Իսկ առաջին ուղևորը, որ հրապարակում էր նստել և Գևոյի դրոգում նստած անցել էր քաղաքի ծուռ ու մուռ փողոցները, հրապարակը, լսել էր դրոգապանի հնարած պատմությունը, կեղծ զայրույթր։

— Դե ե՛կ էլի՛, շան…, երեկվանից եմ ասել հազիր կաց,— կամ թե՝

— Ախպե՛ր, ախր քու ի՞նչ բանն ա, որ քուչեքն ես ընկնում։ Հազար անգամ ասել եմ, պասաժիր ես, արի մեյդանն էլի, ընտեղ նստիր…

Առաջին ուղևորն այնքան էր հերսոտում, որ գերադասում