Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հանգավ։ Եվ մութի մեջ հեղեղի վշշոցն ավելի պարզ լսվեց... Սալբին կանչեց, բոլորը վազեցին դեպի երեխաները, և պատի ճեղքով ջուրը ներս վազեց։

Երբ Արզումանը մոտեցավ նրանց տանը, նա մութի մեջ ջոկեց երկու կանանց ստվերը, որոնք բարձրանում էին դեպի մարագը։

- Արզումա՜ն,- կանչեց Սիմոնը,- Արզուման... տունս քանդվեց։

- Երեխեքը...

10 - Տարա՜ն... Երեխոցը տարան... Տունս քանդվեց, Արզուման...

Եվ երկուսով ներս վազեցին։ Պատի ճեղքվածքից ջուրը հորդ աղբյուրի նման ներս էր թափվում։ Թոնիրն արդեն լըցվել էր։ Ջրի ալիքները կույր օձերի նման դես ու դեն էին վազում և լիզում հատակին ընկած իրերը, ասես փնտրում էին լափելու ամենից թանկագինը։ Սիմոնը կռացավ, գետնից վերցրեց ալյուրի պարկը։ Քիչ էր թացացել, այդ վայրկյանին նա հիշեց այն սալաքարը, որ չորս օր առաջ դրել էր տանը, պարկի տակ։ Մեկը ներս մտավ։ 20 - ճրագը վառե՜ք,- կանչեց Արզումանը։ Նա կռացել էր և մութի մեջ փորձում էր ճեղքի հաստոցը որոշել։ Մթնում լուցկին փայլատակեց ու հանգավ։

- Նավթը թափվել է...- Սալբին էր։ Արզումանը լույսի տակ տեսավ նրան։

Կարծես բոյը մինչև օճորքն էր․․․ Երեսն այնպես լուսավո՜ր էր։ Գերանների ծայրերը կռացել էին և կախվել։ Մյուս պատն էլ երերաց, կտուրը պիտի նստեր... Քամին էր, թե ծանրությունից էր, գերանները ճռճռում էին, վերից ճլոփ-ճլոփ հող էր թափվում ջրի մեջ։ Սալբին հավաքում էր գետնի 30 թափած իրերը... Ահա պղնձի մեծ գավաթը։ Կուժը չկա...

Արզումանը դուրս վազեց։ Մութի մեջ նա դիպավ Սալբուն։ Աղջիկը կռացել էր։ Ու բռնեց նրան, բռնեց, որ չընկնի ու չգցի։ Հետո վազեց դեպի մոտիկ մարագը... Տկլո՞ր էր Սալբին, շո՞ր չկար հագին, թե այնքան թրջվել էր, որ շորը չէր շոշափվում։ Խոտի երկու խուրձ թևի տակ նա ներս մտավ։ Ու խուրձը հրեց ճեղքի մեջ։ Մի հոգի ներս եկավ, հետո երկրորդը։