Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/232

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Երեկոն իջավ խաղաղ, ինչպես իջնում է գարնանամուտի մաքուր և անփոշի երեկոն։

Խաղաղվեց Զեյթան, ձորը, անտառը։ Ոչ տուն էր երևում, ոչ ճրագ, ոչ շան հաչոց էր լսվում։ Միայն հրապարակի խարույկն էր, որի կարմիր լույսերի տակ, ծխի քողի արանքով երևում էին ձիու հաստ գավակներ, գլուխներ։ Խուրձերի վրա նստոտել էին Քյուրդ Մուրոյի գիշերապահ ձիավորները։ Կրակը կարմիր շողք էր գցում արծաթ թրերի ու պողպատի վրա։

Խարույկը հաստ գերաններից էր, որ հավաքել էին մոտակա 10 տներից։ նրանց ծայրերը վառվելուց հրում էին։ Երեք վիթխարի գերան եռոտանու ձևով դեմ էին արել իրար։ Ու գագաթից, ճիշտ խարույկի վրա, կախել էին գոմեշի չափ խոշոր տավարի մարմինը, որ թեժ կրակից կարմրել ու ճարպ էր կաթկթում։ Դրանից բոցն ավելի էր բռնկվում։

Երեկոյան դեմ, երբ Զեյթան դատարկվել էր, հանկարծ ձիավորները նկատել էին ամեհի ցուլը, որ սարից պոկված Ժայռի նման, գլորվում էր դեպի գյուղը։ Նա մռնչում էր կատաղությամբ, փորփրում ձյունը, ամուր ճակատը խփում քարին, սառած գետնին, կարծես ուզում էր գլուխը ջարդել։

20 Ձիավորներից մեկն ասել էր, որ ցուլը կատաղած է։ Մի քանիսն իրոք հավատացել էին և մոտեցել ձիերին: Եթե ցուլը հարձակվեր, նրանք պատրաստվում էին ձիերը հեծնելու։ Իսկ ցոլը գյուղի վերևը մռնչացել էր, թաց ռունգով հոտոտել գարնանամուտի գետինը։ Նախիրի՞ց էր ետ ընկել, ճանապարհն էր մոլորել, թե՞ երնջի հոտ էր ընկել քթովն ու վերադարձել էր գյուղը։

Աղբյուրից ցուլը կուշտ ջուր խմեց, հանգստացավ։ Զինվորներից մի քանիսը մոտեցան, ցուլն արնոտ աչքերով նայեց նրանց։ Նրա ճակատից արյուն էր կաթում, կաշին քերծել էր։ 30 Ցուլը նայեց, ապա հաղթ վիզը կեռացրեց, գլուխը խոնարհեց, որպեսզի ոստյուն գործի։ Այդ վայրկյանին երկու հրացան միասին պայթեցին ու նա ոստյունի փոխարեն գլորվեց մահվան ցնցումներով։ Մեկի լայն թուրը վերջ տվեց նրա ցնցումներին ու խռոցին։

Այդ ցուլն էին կախել գերանների եռոտանուց։ Նրա մարմինը կարմրել էր, և կրակի ցոլքը խաղում էր մկանների ողորկ