Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/428

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կային այդպիսի բեյեր՝ հին տոհմերից, բայց բեյերի մեծ մասը կեղծ ազնվականներ էին, որոնց հայրերը 1851 թվի բեկական հանձնաժողովին (бекская комиссия) ներկայացրել էին ինչ-որ թղթեր իրենց ծագման մասին՝ Տաթևի վանքից, խանի ժամանակներից, և նույնիսկ գնդապետ Սարոկինի ձիապան Խուդին հաջողացրել էր բեյի կոչում ստանալ և վերադարձել էր իբրև Խուդաբախշի բեյ։ Բեյերի մի մասն այդպես էր ձեռք բերել կոչումը, իսկ մյուսները նախկին տանուտերերի, գրագիրների և հարուստ հողատերերի որդիներ էին, որոնք 10 պետական ծառայության մտնելով, կոչվել էին բեյ․ մի սովորություն, որ մնացել էր պարսկական տիրապետության ժամանակից։

Առևտրականների նման բեյերը ևս ունեին իրենց ազդեցության մահալները և գյուղերը։ Ոմանք այդ ազդեցությունն ունեին ի ծնե, որովհետև այդ գյուղերի ջրարբի հողերը նրանց հայրական սեփականությունն էր։ Ոմանք այդ ազդեցությունը ձեռք էին բերել «քրտինքով», և մի անգամ ձեռք բերածն արդեն անքակտելի էր։

Բեյերի բույլը բոռերի նման վխտում էր գավառային վարչության 20 դիվանում (դավթարխանա), զինվորական և հաշտարար ատյաններում (սուդարան), հարկային տեսչության մեջ, վխտում էին՝ աղմկելով սապոգների պղնձե խթաններով, ոմանք թրերով, ոմանք ճռռացնելով սապոգները։ Ընդարձակ սենյակներում գործավար, սեղանապետ և քարտուղար բեյերի խմբերը մինչև ճաշ հնչեցնում էին իրենց ձայները՝ թավ, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը պատմում էր մի «անառակ» անեկդոտ, խռպոտ, երբ Հաստ Ներսես բեյը վերջացնում էր ռապորտի պատճենը և մեջքը հենելով աթոռին, ասում էր. «Դա՜-աս.․․, երեկ լավ ժամանակ անցկացրինք․․․и не скучала 30 душа моя...»։ Իսկ մի հեռու սենյակից լսվում էր աղվեսահաչ արագ-արագ և սուր ձայնով, ինչպես հաչում է տնային շնիկը կատվի վրա, որ նայում է պատի գլխից և բեղը չի շարժում։ Եվ բոլորն էլ ճանաչում էին ավագ գրագիր Նազար բեյի ձայնը և առանց տեսնելու գիտեին, որ նա բարկացել է շինականի վրա...