Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/483

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դպրոցի աշակերտին՝ մոնթ, հայ գյուղացուն՝ էշ հայվան, հայ ուսուցչին՝ վարժապետ, Գորիսի Հայ կանանց միությանը՝ Տիկին Օլինկայի կլուբ, հայերեն թերթին՝ վարժապետի գազեթ, որի տան դահլիճի պատերը զարդարված էին էջմիածնի, Լոռիս-Մելիքովի, Մադաթովի և այլ գեներալների նկարներով, որոնցից մեկին՝ ֆլիգել-ադյուտանտ Բեժանբեգովին զարմանալի նման էր Զիլֆուղար բեյը․ նույն նեղ ճակատը, ունքերը՝ ոզնու փշերի նման ցից, քիթը բարձր բայց ոչ մսոտ, այլ չոր և կաշին պիրկ, այնպես որ, երբ Զիլֆուղար 10 բեյն ասում էր՝ «իմ հորս պապը Խաչենի Մելիք-Թունյանն էր», - ձայնը քթի մեջ դմբդմբում էր, ինչպես կարասի մեջ։

Իսկ Ասատուր բեյը ոչ մի լեզվով չէր խոսում, այլ արձակում էր հնչյուններ և ձայներ՝ բը՜ռռ... որ նշանակում էր, թե նա ճաշից դժգոհ է, որովհետև Ասատուր բեյը ոչ ասունաս էր խաղում և ոչ նարդի, այլ սիրում էր որձ այծի միս. դա՜աս, որ նշան էր հավանության, նաև վկայում էր աշխարհի ունայնությունը, որովհետև այդ ասելով Ասատուր բեյը հառաչում էր։ Քառասուն տարի նա եղել էր գավառային արխիվարիուս, և ոմանք դրանով էին բացատրում նրա լեզու չիմանալը, որովհետև 20 քառասուն տարի նա մեռած թղթերի հետ էր խոսել, այսինքն ասել էր բըռռ, երբ գտել էր, որ ժամանակին նոտարը սխալ էր վավերացրել հողի վկայագիրը․ ասել էր դա՜աս, երբ ձեռքն էր ընկել քսանհինգ տարի առաջ գավառապետի ռապորտը Գորիս գետի վրա կամուրջ կապելու անհրաժեշտության մասին և վերջապես՝ հը՜մմ էր ասել, որ նշանակում էր, թե կասկածում է հաշտարար միջնորդի հաշվետվության՝ աղետյալներին հատկացրած նպաստի մասին։

Այդպիսի լեզվով էր խոսում Ասատուր բեյը, և ոմանք այդ բացատրում էին գավառային արխիվի միջավայրով, բայց 30 Ասատուր բեյի կնոջ ասելով նա հենց սկզբից այդպես էր։ Այդ կարծիքը ճշմարտության մոտ է, որովհետև երբ վրա հասավ Ասատուր բեյի վախճանը, այսինքն երբ ուրիշ մարդիկ նրան կանչեցին հարցաքննության, Ասատուր բեյը ոչ մի բառ չկարողացավ արտասանել և միայն ասաց՝ հոլ-հոլ-աբիհոլ։ Այնքան ասաց, որ նրան ազատ թողեցին, և նա յոթ օր