Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/496

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Էռ-կա-պե... Զանգեզուրի կոմիտե։ Զահրումար... Եվ նորից է քայլում։

Նրանց դիրքը և ամբողջ պատկերը վկայում են, որ մի ժամ, գուցե երկու ժամ է տևել այդ ամենը, և գնդապետը երկար է խոսել, պարուչիկ Ամիրջանովը փորձել է պաշտպանել իրեն, Սմբատը՝ հարբած աշխատում է ոտքի վրա մնալ և ոչ մի խոսք չի ասում։

— Դուք հասկանո՞ւմ եք, պարուչիկ, ինչ ասել է էռ-կա-պե․․․ (Եվ կարծես վերհիշում է, կարծես հանդարտվում է, կարծես երազի մեջ է)։ Դա մի զարմանալի նուրբ և փափուկ 10 թել է, մետաքսե թել է, հասկանո՞ւմ եք, որ փաթաթվում է ձեր վզին, պարուչիկ, սեղմում է (մատներով սեղմում է պարուչիկի կոկորդը) և հետո չկա պարուշիկ, չկա գնդապետ, չկա ազատություն, չկա հայրենիք, կարգ,— այլ կա միայն ոջլոտ սվոլոչ․․․

Մոտենում է պատուհանին։ Ձյունամրրիկ է։ Պատուհանից երևում է բանտի դարպասը, պարսպի գլխին պահակ զինվորը կուչ է եկել։ Գնդապետը դառնում է Սմբատին․

— Եվ դարպասները կողպ են, պատերը հաստ են, գիշեր-ցերեկ հսկում են պահակները, բայց ահա ձեզ․․․ (և ձեռքով 20 ցույց է տալիս այն թուղթը, որ Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեի թռուցիկն է բանտարկված կոմունիստների մասին)․․․ էռ-կա-պե․․․ Դրան ասում են էռ-կա-պե․․․Ի՞նչ կասի պարոն բանտապետը։ Սմբատը խոնարհած գլուխը բարձրացնում է վեր․ նրա դեմքն ավելի ահարկու է, քան գնդապետի դեմքը։ Եվ այդ դեմքն ասել չգիտե, այլ միայն գիտե փշրել, ջարդել, կոտորել։ Գնդապետը կարծես դիտմամբ գրգռում է նրան։

— Ազգը ձեզ է վստահել իր թշնամիներին, որոնք թուրքից վատ են․

30 — Ես դրանց․․․,— Սմբատն ուզում է խոսք ասել, բայց և հարբած է, և գազազած է, և առհասարակ խոսել չգիտե, այլ գիտե միայն փշրել, ջարդել, կոտորել․․․

Եվ կատաղությունից վայր է նետում յափունջին, ընկնում է գլխարկը, ցցվում է մի աժդահա մարդ՝ հաղթ, ցուլի նման և զինված, ինչպես վայրենի զինված էին դաշնակ խմբապետները։

Սմբատն իրեն դուրս է նետում։