Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/602

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ունի, քանի որ հրապարակվել է հեղինակի կողմից, «Գրական թերթ», 1934, № 14։ Այդ նույն հատվածի հրապարակումը «Խորհրդային գրականության» մեջ (1935, № 1) համեմատել ենք և եղած փոքր տարբերությունները նշել վեպի ծանոթագրությունների մեջ: Այդպես, հատորում բնագրային տարբերակների համար բաժին առանձնացնելու անհրաժեշտություն չզգացվեց։

«Կարմրաքար» վեպի հրապարակված մասից վերոհիշյալ դասագրքի մեջ զետեղված հատվածը բնագրային աղբյուրի արժեք չունի. դասագիրք կազմողները, ըստ երևույթին, «նոր ուղի» հանդեսում հատվածաբար հրապարակվող վեպից մի հատված ընտրել են (հանդեսի 4-րդ համարից) և իրենք կրճատումներ անելով, զետեղել դասագրքի մեջ: Այնուամենայնիվ, հանդեսում տպված հեղինակային բնագրի և դասագրքային հրապարակման միջև եղած մասնակի տարբերությունները նշված են «Կարմրաքար»-ի ծանոթագրություններում։

* * *

Այս հատորում տեղ գտած երկերից որևէ մեկի հեղինակային ձեռագիրը չի պահպանվել. համենայն դեպս, առայժմ գտնված չէ։ Պահպանված են «Զանգեզուր» բեմագրի երկու խմբագրումների մեքենագիր օրինակները, որոնք այսօր այդ երկի բնագրային աղբյուրի արժեքն ունեն։ Մյուս ստեղծագործությունների բնագրային աղբյուրներն են նրանց առաջին հրապարակումները` կատարված հեղինակի օրոք և երբեմն, հավանաբար, հեղինակի մասնակցությամբ։ Ամեն դեպքում այդ հրապարակումներն են հեղինակային կորած ձեռագրերին կամ, եթե կարելի է ասել, հեղինակի բնագրային միտումներին առավել մոտ գտնվող նմուշները։ Եվ գիտական մի հրատարակության համար, վստահելի բնագրեր կազմելու ժամանակ, այդ հրապարակումներն են կողմնորոշող գլխավոր նշանաձողերը։

Այս հատորը կազմելիս մեր գլխավոր նպատակը դարձյալ եղել է հեղինակային նախնական բնագրերի վիճակը հնարավորին չափ ճշգրիտ ներկայացնելը։ Տպագիր գրեթե բոլոր բնագրերը վրիպակաշատ են, կան լուրջ աղավաղումներ։ Տպագրական և այլ կարգի անճշտություններն ու աղավաղումներն ուղղելիս` ջանացել ենք այնքան զգույշ լինել, որ այն, ինչ հեղինակային է, այդ թվում լեզվական, այսպես կոչված, շեղումները, պահպանվեն։

Ուղղագրական նորացումներ կատարելիս` նույնպես ջանացել ենք զգույշ լինել։ Անշուշտ, 1922 թ. ուղղագրությունը, որով հրապարակված են Բակունցի` այս հատորում տեղ գտած երկերը, 1940 թ ուղղագրության է վերածված լրիվ չափով: Սակայն ուղղագրական բազմաթիվ ձևեր, որոնք այսօր հնացած են, անկախ 1922 կամ 1940 թթ. ուղղագրական կանոններից, աշխատել ենք հնարավորին չափ պահպանել որպես հեղինակային, և դրանցիր ժամանակակից գրության տեսք ենք տվել այնպիսիներին, որոնք Բակունցի ժամանակ էլ ունեցել են՝ այժմ ընդունված ձևին համապատասխանող տարբերակ և կամ ինքը՝ հեղինակը մերթ այդ հնացած, մերթ այժմ ընդունված ձևերն է գործածել։

Օրինակ, այնպիսի քերականական ձևեր, ինչպիսիք են բացառական, գործիական, ներգոյական հոլովների հետ որոշիչ հոդ (ը, ն) գործածելը, լրիվ չափով պահպանված են, թեև այժմ և արդեն Բակունցի ժամանակ նրանք հնացած էին. ինչպես, օրինակ՝ գյուղացին, տակովն, Գորիսումն, պարտեզումն, գյուղումն, խոհանոցումն և այլն։