Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/603

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ուղղագրական մի շարք ձևեր ևս, որոնք նույնպես այժմ հնացած են, պահպանել ենք, ինչպես՝ կես գիշեր, հարց ու փորձ, եռ ու զեռ, վար ու ցանք, ես իմ (այժմ եսիմ), հատ ու կենտ և այլն։

Բայց շատ դեպքերում էլ ուղղակի անհնար է հեղինակային ուղղագրությունը պահպանել։ Օրինակ, Բակունցը հին ձևով հաճախ գրում է՝ ձմրան, ամրան, կամ՝ դյուրեկան, դյուր եկավ: Ճիշտ կլիներ այդ ձևերը պահպանել, քանի որ ժամանակին նրանք ընդունված են եղել և Բակունցի երկերում էլ հետաքրքրական կլինեին ուղղագրության պատմության տեսակետից։ Բայց ինչ անենք, երբ նույն բառերը գրողը օգտագործում է նաև՝ ձմռան կամ դուրեկան ձևերով։ Որոշեցինք միակերպել՝ բոլորը դարձնելով այժմ ընդունված ձևեր՝ ամռան, ձմռան, դուր եկավ և այլն։

Կամ՝ մի շարք կրկնավորներ Բակունցը գործածում է մե’րթ գծիկով, մե’րթ առանց գծիկի, ինչպես՝ շուտ շուտ և շուտ-շուտ, քահ քահ և քահ-քահ և այլն։ Ճիշտ չհամարեցինք այս զուգահեռությունները թողնել, իսկ միակերպել, կարծում ենք, կարելի էր միայն այժմ ընդունված ձևերին (շուտ-շուտ, պես-պես) համապատասխանեցնելով մյուսները։

Կամ ճի՞շտ կլիներ արդյոք պահպանել այնպիսի ձևեր, ինչպիսիք են այլ և (այլև-ի իմաստով), մի և նույն և այլն, երբ այդպիսիք ոչ միայն երբեմն զուգահեռ կցական ձևեր ունեն հեղինակի երկերում, այլև իմաստի տեսակետից էլ կարող են շփոթության տեղիք տալ։

Առհասարակ, այս հատորի բնագրերը կազմելիս, թերևս, ամենաբարդ աշխատանքը ուղղումների, իսկ էլ ավելի բարդը՝ «չուղղումների» հետ է եղել կապված։

Չգիտենք ինչու, բայց փաստ է, որ այս հատորի բնագրերը ժամանակին հատկապես վրիպակաշատ են տպագրվել։ Փոքր-ինչ բավարար է «Հովնաթան Մարչ»-ի և «Գրական թերթում» տպված ոչ մեծ բնագրերի վիճակը, իսկ «Կարմրաքար» և «Խաչատուր Աբովյան» վեպերի՝ հանդեսներում տպագրված հատվածները զարմանալիորեն լի են սխալներով, վրիպակներով և աղավաղումներով։ Նրանցից հետ չի մնում «Կյորեսի» տպագրությունը գրքույկի մեջ։ Բազմաթիվ բառեր, հատուկ անուններ, արտահայտություններ գործածված են երկու, երեք, ավելի ձևերով, և դժվար է որոշել որը ում նախասիրությունն է՝ հեղինակի՞, խմբագրի՞, թե սրբագրիչի։ Ամեն դեպքում, իհարկե, ջանացել ենք հայտնաբերել հեղինակայինը, բայց արդյո՞ք մեզ դա միշտ կամ գոնե հաճախ է հաջողվել։ Դժվար է ասել։ Եվ կամ առհասարակ, արդյո՞ք մեր կատարած ուղղումները կամ թեկուզ նրանց մի մասը հիմնավոր են։

Մի գիտական հրատարակություն հարկ եղած արժեքը չի կարող ունենալ եթե կազմողը ծանոթագրություններում չի նշում բնագրերի մեջ իր կատարած ուղղումները։ Թե՜ նախորդ երկու հատորներում և թե այստեղ հանգամանորեն նշել ենք մեր կատարած ուղղումները։

Չենք նշել միայն չափազանց ակնհայտ տպագրական վրիպակների ուղղումները, ինչպես, օրինակ, եկեղելու ուղղված է եկեղեցու կամ «աղջկա սիրտ ավելի արագ բախեց,– ուղղել ենք «աղջկա սիրտն ավելի արագ բախեց», անձև-ը, որ ակնհայտորեն անձրև-ի իմաստով է գործածված, դարձրել ենք անձրև և այլն։ Այս կարգի էլ շատ վրիպակներ են ուղղված (դեռ չենք խոսում կետադրական ակնհայտ սխալներն ուղղելու