Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/611

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

համանման նկարագրությունների հետ. «Այստեղ խմբեր կային, «զենք ու զրահից թնդում էին լերինք»... «վեհափառը օրհնում է հայ կամավորներին» և այլն (Երկերի այս հրատ. 2-րդ հատոր, էջ 406–407)։ «Հովնաթան Մարչում» Ս. Գայանե եկեղեցու բակն է նկարագրված, «Ծանոթ բակը» ակնարկում՝ Մայր տաճարի, երկու դեպքում էլ 1914 թվականի ամառն է (կամ աշունը)։ Բակունցն այդ ժամանակ էջմիածնի Գևորգյան ճեմարանի սան էր և ականատես դեպքերին։ Կամավորական 6-րդ գունդը (իրականում՝ ջոկատը) կոչվել է նաև հնչակյան ջոկատ, հրամանատարն է եղել Գր. Ավշարյանը, որի զոհվելուց հետո՝ Հայկ Բժշկյանը (Գայը)։

«Հովնաթան Մարչը» և «Ծանոթ բակը» ունեն այլ նմանություններ ևս (տե′ս նաև ստորև), որոնք, ըստ երևույթին, մասամբ պետք է բացատրել նրանով, որ նույն թվականին են գրվել 1926-ին («Ծանոթ բակը» հրապարակվել է 1926-ի դեկտեմբերի 19-ին)։ Ուշադրություն է գրավում նաև այն, որ երկու երկի մեջ էլ առկա է նոր օրերը չհասկացող արևմտահայ հերոս:

Էջ 36, տող 3. Ոսկի հո՞րթ- նկատի ունի Հին կտակարանի Ելից գրքի մի հատվածը. Մովսեսը բարձրանում է Սինա լեռը օրենքի տախտակներն ստանալու, մինչ այդ նրա առաջնորդած ժողովուրդը սկսում է երկրպագել քահանա Ահարոնի պատրաստած ոսկե հորթին։ Սարից իջնելով Մովսեսը ոչնչացնում է հորթը։

Էջ 37, տող 3.-Այստեղ թաղված է Խենթի սիրած աղջիկ Լալան-նկատի ունի Րաֆֆու՝ «Խենթ» վեպի հերոսներին՝ Խենթին ու Լալային, որոնք իրական անձինք են եղել և երկուսն էլ, իրոք, թաղված են Ս. Գայանե եկեղեցու բակում։

էջ 37, տող 23.-Ահա մարգարեն: Ու ծովը պիտի ճեղքի- նկատի ունի Մովսես մարգարեին, ըստ Հին կտակարանի Եգիպտոսից փախչելու ժամանակ հրեաները հասնում են Կարմիր ծովին, իսկ նրանց ետևից մոտենում էր եգիպտական վրեժխնդիր զորքը. «Եվ Մովսեսը մեկնեց իր ձեռքը ծովի վրա, և Եհովան արևելյան սաստիկ հողմով ամբողջ գիշեր քշեց ծովը, ցամաքեցրեց, և ջրերը ճեղքվեցին։ Եվ Իսրայելի զավակները ծովի միջի ցամաքով գնացին, և ջրերը նրանց աջ ու ձախ կողմից պարիսպ եղան» (Ելից, ԺԴ, 21—22):

էջ 37, տողեր 28-29. պիտի գան փղշտացինք, եթովպացիք. կեսարացիք, ուրահայեցիք, բոլորը - Բակունցր այս խոսքը գրել է իր հերոսի՝ Մարչի անունից.վերջինս նկատի ունի սփյուռքահայության մի ներգաղթ՝ կառուցվելիք քաղաքը բնակեցնելու համար։ Կեսարացիները և ուռհայեցիները արևմտահայեր են. առաջինները Փոքր Հայքի Կեսարիա քաղաքի ու շրջակա գյուղերի բնակիչներն են, ուռհայեցիները նախկին Ասորիքի Եդեսիա կամ Ուրֆա (Ուռհա) քաղաքի և շրջակայքի հայ բնակիչները՝ բոլորը իրենց երկրից բռնությամբ արտաքսված կամ կոտորածի զոհ դարձած առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ ու հետո։ Վերապրած թե՛ կեսարացիներ, թե ուռհայեցիներ, իրոք, 1920–ական թթ. և հետո ներգաղթեցին ՀՍՍՀ։ Վերոհիշյալ թվարկման մեջ, բնականաբար, փղշտացիք և եթովպացիք նույնպես խորհրդանշում են սփյուռքում բնակվող արևմտահայերին, թերևս, նրանց կուսակցական խավը (տես նաև այս վիպակի ծանոթագրությունների ընդհանուր մասը)։

Էջ 38 տողեր 1-2. ամենից գերազնիվ վեհ պատրիարք..., նաև՝ ծերունի, էջ 40, տողեր 1-2. ամենից վեհ ծերունի- նկատի ունի ամենայն հայոց կաթողիկոս Գեորգ V Սուրենյանցին (գահակալել է 1911-1930 թթ․)։