Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մի քանի օրինակով ցույց տանք, թե ինչպես է Բակունցը վավերական տեղեկությունները օգտագործել վեպում։

Սկսենք «Լիբեր Արմենիեր» գլխից։ Բնորոշ վերնագիրն արդեն իսկ առնված է Աբովյանի Դորպատյան օրագրերից, որոնցում հեղինակը մի քանի նշում ունի, որից իմանում ենք, օր Դորպատում նրան հաճախ են այդպես կոչել. ահա մի օրինակ 1831 թ. սեպտեմբերյան գրառումներից. «Առ բազում խնդութիւն սրտիս եկն այսօր ի քաղաքս բարեկամն իմ պարոն Հագենն։ Ի 6-երորդում ժամու գնացի առ նա։ Նա փարեալ զինև՝ էհարց զողջութենէ իմմէ։ Նոյնպէս որդիք նորա մի առ մի փարեալ զինև՝ «արմէնիէր, լիրեր արմէնիէր» ելանէր ի բերանոյ ի բերան» (Խ. Աբովյան, Երկերի Լիակատար ժողովածու, հ. 6, 1955, էջ 18)։ Կամ՝ «Միցա գանգատ է «արմէնիէր նէքդ միխ» (ն. տ., էջ 66), ապա՝ «սիրելի երեխայք նորա խռովին և քարշեն զհանդերձից իմոց․ «Սիրելի արմէնիէր, կաց առ մեզ, մի գնար ի բաց» (ն. տ., էջ 110) և այլն։

Վեպում Աբովյանի համար Բակունցի կողմից գործածվող մյուս անվանումը՝ Դիակոնուսը նույնպես քաղված է նույն օրագրերից։ Օրինակ. «Բարերարն իմ կոչէ «Դիականոս» (ն. տ., էջ 65)։ Եվ սա նույնպես դորպատյան միջավայրի երանգավորմանն է նպաստում։

«Լիբեր Արմենիեր» գլխի առաջին հինգ մասերում և հետո էլ տեղ-տեղ ներկայացված են ուսանողական ազատամիտ կամ ընդդիմադիր խոսակցություններ, ցարիզմի նկատմամբ հակոտնյա տրամադրություններ: Դորպատում 1830-ական թվականների սկզբներին, երբ Աբովյանը այդ քաղաքում ուսանում էր, իրոք, եղել են նման իրադրություններ։ Աբովյանի կենսագիր Ե. Շահազիզը մի այսպիսի տեղեկություն է քաղել. «...1834 թվին «Բուրշենշաֆտ» կոչված հակապետական կազմակերպության հայտնաբերվելու հանգամանքը Դորպատի համալսարանի ուսանողների մեջ, որի հետևանքով ձեռնարկված է եղել գաղտնի խիստ քննություն, 18 ուսանող արտաքսված են եղել համալսարանից և ենթարկված խստագույն հսկողության» (Ե. Շահազիզ, Խաչատուր Աբովյանի կենսագրությունը, Երևան, 1945, էջ 58)։ Այդ հայտնաբերումը տեղի է ունեցել 1834-ի փետրվարի 12-ին, կնշանակի այդ օրվանը նախորդող շրջանում է եղել ու գործել Բուրշենշաֆտը։

Այժմ դժվար է ասել այդ Բուրշենշաֆտը (Ուսանողական ընկերությունը) իրոք հակապետական է եղել, թե իշխանություններն են այդ պիտակը փակցրել։ Ավելի հավանական է թվում, որ դա եղել է պարզապես ազատամիտ, ընդդիմադիր ընկերություն, որպիսիներից իշխանությունները միշտ վախեցել են։

Բակունցը հենց այդպիսին է ներկայացնում Դորպատի ուսանողական տրամադրությունները՝ ազատամիտ-հակացարական։ Եվ, իհարկե, նա իրավացի է, որ իր գլխավոր հերոսին մասնակիորեն է դնում այդ շրջապատի մեջ, և ավելի շատ այդ շրջապատը նկարագրում է իբրև այն օրերի Դորպատին, առհասարակ, բնորոշ ուսանողական շրջան։

Որևէ փաստ չկա այն մասին, որ Աբովյանը թեկուզ ինչ—որ չափով մասնակցած լինի այդ շարժումներին, և Բակունցը դա լիովին հաշվի է առել, երբ «Լիբեր Արմենիերի» 7—րդ մասում իր գլխավոր հերոսի դիմանկարի առաջին բնորոշ գծերն է դրել կտավին՝ Պարրոտի և ոստիկանապետի խոսակցությամբ այսպես ներկայացնելով նրան. «— Թույլ տվեք ներկայացնել Ձեզ իմ Lieblnig—ին... Հերր դիակոնուս Աբովյան, որի մասին, անշուշտ, լսել եք։