Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/673

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մասին գրված երկերում։ Եթե անգամ Բակունցը ձեռքին ունեցել է այդպիսի մի «անհայտ ճանապարհորդի» գրառումներ, միևնույն է, վստահ կարելի է ասել, որ «Գործ Մայրանա» գլխում բերված քաղվածքները ամենից ավելի իրենց վրա կրում են Բակունց ստեղծագործողի վրձնի հետքերը և նրա իսկ ընտրած գույները։ Իսկ եթե այդ անձը մտացածին է և եթե Բակունցն է կազմել նրան վերագրած ուղեգրությունների քաղվածքները, ապա միայն դրանց համար գրողը պետք է ահռելի աշխատանք կատարեր՝ այդքան փաստեր հավաքելու համար, բայց այստեղ ևս հրապուրիչն այնքան հավաքված փաստերը չեն (թեև դրանք էլ շատ հետաքրքրական են), այլ այդ փաստերի բակունցյան գեղարվեստականացումը։

Ընդհանրապես, ամբողջ վեպից պահպանված հատվածների փաստական—վավերագրական արմատները շատ ու շատ ավելի են, քան վերը նշվեց։ Վեպում Բակունցի երևակայությամբ նկարագրված անցուդարձերը, հերոսները, Աբովյանի մտածումները, խոսքերը և այլն մեծ մասամբ նույնպես վավերագրական որևէ հիմք ունեն։ Եվ բոլոր այդ հիմքերը գտնելը լրացուցիչ մեծ աշխատանք է պահանջում։

Հսկայական աշխատանք կատարել է ինքը հեղինակը այդ հիմքերը բազում աղբյուրների մեջ հայտնաբերելու համար։ Բայց, իհարկե, դարձյալ՝ բնավ այդ չէ ամենակարևորը։ Այդպիսի աշխատանք շատերն են կատարում, սակայն «Լիբեր Արմենիեր» կամ «Չարսու բազար» չեն ստեղծում։ Մեղուն էլ է բազում ծաղիկներից իր «հումքը» հավաքում, և բնավ այդ չէ ամենաէականը, այլ այն, որ այդ հումքը հրաշքով մեղվի շնորհիվ մեղրի է վերածվում։ Այդպես էլ Բակունցի՝ մեղվաջանորեն հավաքած «հումքը» նրան տրված հանճարի շնորհիվ է, որ վեր է ածվել հայ գեղարվեստական արձակի առաջնակարգ էջերի, իսկական արվեստի։

Ստորև, ըստ վեպի պահպանված հատվածների բերվող էջատողային նշումներ ունեցող ծանոթագրությունների մեջ ևս տեղ—տեղ խոսք կա Բակունցի վեպի փաստական հենակետերի մասին։

Ծանոթագրություններ ըստ էջերի և տողահամարների

«Լիբեր Արմենիեր»

էջ 260, տող 4 և հետո. Լիբեր Արմենիեր— գերմաներեն է, նշանակում է սիրելի հայ։ Աբովյանը Դորպատում գերմանախոս շրջապատում էր, և նրան շատերը lieber Armenier էին կոչում (տե՛ս այս ծանոթագրությունների «Փաստականի գեղարվեստական մարմնավորումը» բաժնում)։

Էջ 260, տող 6. Սուրբ Իոհաննի տաճարը— Դորպատի (Տարտուի) տաճարներից է, որ այժմ էլ կանգուն է։

Էջ 260, տողեր 7—8 և հետո․ շվեդների Գուստավ Ադոլֆ թագավորը— խոսքը Շվեդիայի Գուստավ II Ադոլֆ թագավորի մասին է (1594—1632), որ նաև նշանավոր զորավար էր։ Ձգտում էր Բալթյան երկրներն իր իշխանության տակ պահել։ Մեծ նվաճումներ է արել Գերմանիայում, Ռուսաստանում, Լեհաստանում։ Էստոնիայում նրա անվան հետ շատ վայրեր են կապված։