Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/83

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

տեխնիքներ և բոլոր շինափայտը... Աղվոր քաղաք պիտի ըլլա Նոր Եթովպիան։

Սրտառուչ եղավ հրաժեշտը։ Նույնիսկ բժիշկ Երանոսն արտասվեց, երբ Հովնաթան Մարչը մեկնեց իր ձեռքը։ Եվ փոխանակ մեկնած ձեռքն ընդունելու, բժիշկ Երանոսը շրթունքները մոտեցրեց ու նրանք համբուրվեցին: Պետրոս Գետադարձը ղռան մոտ կանգնած հեկեկում էր։

- Վերադարձիդ կսպասենք։

- Անհոգ եղեք։ Երեք ամսեն նորեն հոս եմ։

10 Գրիգոր Լեռնականն ամենայն սառնասրտությամբ վերջին բարևը տվավ և Հովնաթան Մարչից խնդրեց վերադարձին հետը բերելու Ցեյսի ընտիր հեռադիտակ։ Բացի այդ, Գրիգոր Լեռնականը նրան ծովափնյա մի քաղաքում ապրող իր ծանոթի հասցեն տվեց։

Իսկ Անթանոսյանը լուռ ու մունջ էր։ Եվ այն վայրկյանին, երբ նա տատանվում էր նստի՞ կառքը, թե ոչ, Մարչը նրան ղրկեց։ Երկու անձնվեր բարեկամներ ջերմ, շա՜տ ջերմ համբուրվեցին։ Եվ երբ կառքը շարժվեց դեպի կայարան, բոլորն էլ տեսան, թե ի′նչպես Անթանոսյանը կառքի հետևից ոտով գնաց։ 20 Նրանք նորից հանդիպեցի՞ն կայարանում։ Մարչը տեսա՞վ, թե ինչպես փոշի կուլ տալով կառքի հետևից վազում էր Անթանոսյանը, ստույգ խոսք դժվար է ասել։

Կարելի էր և այստեղ վերջացնել պատմությունը, վերջին համբույրը համարելով նրանց գործի վախճանը, եթե դեպքերն ուրիշ ընթացք չստանային։

Ամիսներ անցան։ Ձմեռն եկավ, ձյուն բերեց, բուք ու սառնամանիք, և ոչ մի լուր Հովնաթան Մարչից, ոչ մի նամակ։ Հաջի Խարաբ գյուղից Անթանոսյանը երբեմն քաղաք էր գալիս, փողոցում պատահում բժիշկ Երանոսին կամ Գետադարձին և 30 պատահելիս հարցնում, թե ի՞նչ գիտեն։

Մի օր էլ բժիշկ Երանոսը զայրացավ և ծանր, անպատվաբեր խոսք ասաց Անթանոսյանի երեսին։ Հմայակը նրան մոտեցել էր այն ժամանակ, երբ բժիշկը մի կնոջ հետ անցնում էր փողոցով։ Անթանոսյանը խելագարի տպավորություն էր թողել կնոջ վրա, կինը վախեցել, մի քիչ հետ էր քաշվել։